… Ասելիք ունեմ՝ չգիտեմ, որ կողմից սկսեմ։ Երևի այսպես՝ ես լինեի իր փոխարեն, կհրաժարվեի ԱԱԾ սահմանապահ զորքերը գլխավորելու առաջարկից։ Բայց սա ասում եմ առանց իրողություններն իմանալու։ Զուտ կողքից նայող մարդու տեսանկետ, կարծիք։ Կրկին, նույն այդ կողքից նայող մարդու կարծիքով դա նրա միակ սխալն էր։ Մինչ այդ նա ամեն ինչ ճիշտ է արել։ Այո, ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադում նա նոր հրամանատար էր, դեռևս չէր հասցրել ամեն ինչ իր ձեռքը հավաքել։ Այո, այնտեղ ներքին գործընթացներ են եղել, որոնք դեռ մինչև վերջ չեն բացահայտված և շատ գաղտնիքներ են պարունակում։ Բայց այս ամենով հանդերձ Վաղինակ Սարգսյանը թողեց իր դիրքը։ Եվ մենք լավ սպա կորցրինք։ Շատ լավ սպա։ Բայց այն իրողություններում ինքը ճիշտ էր և, այո՛, պետք է հեռանար։ Իսկ հիմա համաձայնվեց։ Կրկին, նշելով, որ ծանոթ չեմ իրեն նման առաջարկ անելու և իր համաձայնության պատճառները, ուզում եմ ասել՝ կողքից դա սխալ է երևում։

 

... Խնդրանք ունեմ ընկերներիս։ Եկեք չշտապենք Վաղինակ Սարգսյանի հարցում։ Որովհետև գիտեմ, որ նվիրյալ է։ Գիտեմ, որ պրոֆեսիոնալ է, հայրենասեր ու շատ մեծ վաստակ ունեցող սպա։ Շատ մեծ։ Եթե սխալվել է, եկեք դեռ սպասենք։ Եթե ոչ՝ առավել ևս չքննադատենք։

 

Մենք չենք կարող այսպես վարվել մեր մարդկանց հետ։ Չունենք մարդկային այն ռեսուրսը, որ ահա այսպես արխային ցեխ շպրտենք միմյանց վրա։ Շատ բան է հիմա սխալ մեր իրականության մեջ, եկեք չավելացնենք այդ սխալների քանակը։ Հատկապես երբ խոսքը վերաբերվում է ծառայող մարդկանց։ Նրանց վարձքն էլ, պատիժն էլ այլ սանդղակներով և այլ հարթություններում է չափվում։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան