22:55
«Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի «հավատարմագրային» բլեֆը». Գ. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 2-ին Շիրակի պետհամալսարանի ռեկտորի անհաջող ընտրություններից հետո Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նույն Հոգաբարձուների խորհրդի անդամներին հարցրեց, թե երբ կցանկանային, որ ռեկտորի նոր ընտրություններ կազմակերպվեն ՇՊՀ-ում…

Հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը հայտարարեց, որ լավ կլինի ռեկտորի նոր ընտրությունները տեղի ունենան ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իսկ մյուսն էլ ընդհանրապես առաջարկեց այն կազմակերպել 1 ամսվա ընթացքում… Այս առաջարկներից հետո բավականին նյարդային ելույթ ունեցավ բուհի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, որի ելույթից կարելի էր ենթադրել, որ պարոն Սերոբյանն առաջարկում է այն հետաձգել մինչև բուհի հավատարմագրման գործընթացի ավարտը… Հիշեցնեմ, որ 2019 թ-ի հունվարի 19-ի Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նույնաբովանդակ առաջարկությամբ էին հանդես եկել նաև Սահակ Մինասյանի ֆան-ակումբի անդամ Արտուշ Խաչատրյանը և Հովիկ Մելքոնյանը… Ստացվում է՝ Մինասյանի ֆան-ակումբի և Երվանդ Սերոբյանի շահերն այս հարցում ամբողջությամբ համընկնում են… Պատահական չէր նաև այն, որ, համաձայն բուհում շրջանառվող լուրերի, պարոն Սերոբյանը շատ լավ գիտեր, որ ռեկտորի ընտրությունները տապալվելու են և մինչև մարտի 2-ը անցկացված ռեկտորատների ժամանակ պլանավորել է, թե, օրինակ, ինչ են անելու մարտի 5-ին, 6-ին և նույնիսկ ծրագրեր է քննարկել սեպտեմբերի վերաբերյալ…

 

Հետաքրքիր է…

Մոտ 10 ամիս հավատարմագրման հարցում որևէ քայլ չձեռնարկած ռեկտորի ԺՊ-ն, որն ունի բոլոր լիազորություններն այդ գործընթացը կազմակերպելու համար, խոսում է հավատարմագրումից և բացահայտ օգտագործում է այդ հանգամանքը ռեկտորիպաշտոնակատարի պաշտոնում մնալու համար… Ավելին` պարոն Սերոբյանը կամ ընդհանրապես չի պատկերացնում իր պատասխանատվության չափը, կամ էլ միտումնավոր խուսափում է դրանից… Ըստ Սերոբյանի` նա այս ամիսների ընթացքում չի կարող, չզարմանաք, պրոռեկտոր նշանակել, քանի որ, ըստ ռեկտորի ԺՊ-ի, ոչ ոք չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը…Զարմանալի է, ի՞նչ կապ ունի պրոռեկտորի նշանակումը հավատարմագրման գործընթացի հետ… Հավատարմագրման ամբողջ գործընթացը պետք է կազմակերպի ռեկտորը՝ ստեղծելով համապատասխան հանձնաժողովներ և ենթահանձնաժողովներ` օգտագործելով Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրենի «զարմանահրաշ ներուժը»… Հավատարմագրման գործընթացում պետք է ակտիվ մասնակցեն ուումնական գծով պրոռեկտորը (ռեկտորի ԺՊ Ե.Սերոբյանը հենց այս պաշտոնն է զբաղեցնում և ունի պրոռեկտորի տեղակալ, որը դե-ֆակտո, Սերոբյանի ռեկտորի պաշտոնակատար լինելու պարագայում, պրոռեկտորի պաշտոնն է զբաղեցնում), բուհի արտաքին կապերի գծով պատասխանատուն, դեկանները, ամբիոնի վարիչները և այլն, և այլն:

Ո՞վ էր խանգարում պարոն Սերոբյանին այս 10 ամիսների ընթացքում այդ հարցերով զբաղվել, որ հիմա էլ պարզվում է, նրան ժամանակ է անհրաժեշտ այդ հարցերը կարգավորելու համար…

Ո՞վ է պարոն Սերոբյանին ասել, որ այդ հարցով պետք է զբաղվի միայն պրոռեկտորը… Դա տարրական անմտություն է… Պատասխանը մեկն է՝ պարոն Սերոբյանը չի ցանկանում զիջել պաշտոնը, նրան դրայվ է տալիս այն, որ դպրոցում նույնիսկ ուսմասվարի պաշտոն չզբաղեցնելով, վատահամբավ և տխրահռչակ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ, որը հատուկ նրա համար նույնիսկ փոխեց բուհի կանոնադրությունը, որ դեկան դարձնի պարոն Սերոբյանին, վերջինս դեկանից շատ արագ դարձավ պրոռեկտոր, իսկ հետո էլ ռեկտորի ԺՊ…

 

Մինչև հավատարմագրմանն անցնելը պարոն Սերոբյանը լավ կլինի ներկայացնի, թե ինչպես է կատարել իր վրա դրված պարտականությունները 2017-18 թթ-ի նոյեմբեր-մայիս ամիսներին, ինչպես նաև 2018-19 թթ-ի նոյեմբեր-փետրվար ամիսներին համաձայն գիտական խորհրդի կողմից հաստատված աշխատանքային պլանների…

Մեկ տասնյակից ավել կարևոր պարտականություններ տարրականորեն անտեսված են և չեն իրականացվել… Նույն պարոն Սերոբյանի ղեկավարած ստորաբաժանումը գործում է առանց կանոնադրության… Հետաքրքիր է, ո՞վ է այս բարձիթողի վիճակի համար պատասխան տալու… Պարոն Սերոբյանին այդ աշխատանքային պլաններից հետաքրքրում է միայն ամբիոնների վարիչների ընտրության հարցը, այլ ոչ բուհի ապագան,որը վտանգված է…

Ռեկտորի ԺՊ-ն նաև լավ կլինի բացատրի, թե ինչու ձախողվեց հայցորդների և ասպիրանտների 2018 թ-ի աշնանային դասընթացը և որևէ մեկն այդ խայտառակ փաստի համար պատասխանատվություն չկրեց… Ռեկտորի ԺՊ-ն լավ կլինի պարզաբանի այն խայտառակ բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, որն առկա է Անգլերեն լեզվի և գրականության, Հայոց լեզվի և գրականության, Ռուսաց լեզվի և գրականության ամբիոններում, որտեղ ամբիոնի վարիչները գաղտնի են պահում դասաբաշխումները կամ միտումնավոր խնդիրներ ստեղծում այն դասախոսների համար, որոնք Մինասյանի ֆան-ակումբին չեն հարում կամ հանդգնում են իրենց իրավունքները պաշտպանել… Ուսանողների կողմից գիտական աշխատանքներին ներգրավման մասին խոսք չկա… Սրանք ընդամենը մի քանի փաստեր էին ռեկտորի ԺՊ պարոն Սերոբյանի գործունեության վերաբերյալ… Ու այսքանից հետո,երբ 10 ամիս բուհը մատնված է իներցիոն հոսքին, պարոն Սերոբյանը խոսում է բուհի հավատարմագրումից և ապագան վտանգելուց… Իսկ 10 ամիս ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն ինչով էր զբաղված…

Հ.Գ. Չի կարելի երկնքից գիրկն ընկած պաշտոնը ամեն գնով պահելու և այն «ժառանգաբար» փոխանցելու համար ՇՊՀ-ի հավատարմագրման շուրջ բլեֆներ անել և փորձել ամեն գնով մնալ ռեկտորի ԺՊ… Ռեկտորի ընտրության նոր մրցույթը պետք է անհապաղ հայտարարվի…»:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս