Շիրակի պետհամալսարանի «միամիտ» մամլո ասուլիսների սիրահար ռեկտոր Սահակ Մինասյանը, որը ցանկանում է Շիրակի Մայր ԲՈՒՀ-ը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական հաստատություն, սկսեց զուգարաններից և շարունակում է բուֆետադահլիճային թանկարժեք շինարարությամբ, ինչի հետևանքով նախորդ ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամից բյուջեում գրեթե գումար չի մնացել...Պարոն Մինասյանը երևի մոռանում է,որ ամենաառաջինը միջազգային չափանիշներին պետք է համապատասխանեցներ ոչ թե թուրքական՝ «պպզովի» ոճով իր կողմից վերանորոգված զուգարանները և այլ անիմաստ շինարարություններ նախաձեռներ,այլ դասախոսների աշխատավարձերը գոնե մոտեցներ այդ միջազգային ստանդարտներին...
Պարոն Մինասյանը համալսարան այցելած ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին և հոկտեմբերի 2-ին ԲՈՒՀ ժամանած ԿԳ նախարարության ստուգող հանձնախմբին ԽԱԲԵԼ է,որ համալսարանի ադմինիստրատիվ կազմի և դասախոսների աշխատավարձերը շատ քիչ են տարբերվում,այնինչ ռեկտորի թեթև ձեռամբ ԲՈՒՀ-ում բացվել է «Մինասյան և Co» ընկերությունը,որի մեջ ընդգրկված անձինք, լինելով պարոն Մինսայանի մտերիմները, ահռելի (ԲՈՒՀ-ի չափանիշներով) աշխատավարձեր են ստանում,իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմը բավարարվում է գրոշներով... Բազմաթիվ հարցազրույցներում նշել եմ,որ 2500 ուսանող ունեցող Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը ինքն իրեն նշանակել է բավական բարձր աշխատավարձ՝ 700 հազար դրամ (ըստ հաստիքացուցակի) ...Սակայն պարոն ռեկտորը, ԶԼՄ-ներին հարցազրույց տալուց հայտարարում է,որ ստանում է 500 հազար...Այո,ստանում է առձեռն 500 հազար,բայց հաստիքացուցակում,որը ներառում է իր մեջ նաև բոլոր հարկերը, նշված է 700 հազար դրամ...Այդ ամենը արվում է միտումնավոր...Եթե պարոն Մինասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտարարում է իր «մաքուր» աշխատավարձի մասին,ապա լավ կլիներ,որ այդպիսի «մաքրությամբ» էլ անդրադառնար պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերին,այլ ոչ թե դրանց «կեղտոտ չափը» բարձրաձայներ և մեխանիկորեն խեղաթյուրեր իրականությունը...
Պարոն Մինասյանի 700 հազար դրամանոց աշխատավարձը ստիպեց ինձ ուսումնասիրել հայաստանյան մյուս ԲՈՒՀ-երի ռեկտորների աշխատավարձերը,որի արդյունքում պարզեցի,որ Սահակ Մինասյանը ԱՄԵՆԱԲԱՐՁՐ վարձատրվող ռեկտորն է,որը ղեկավարում է սոցիալապես ամենաանապահով մարզի Մայր ԲՈՒՀ-ը...Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի տվյալների համաձայն' մոտ 20 հազար ուսանող ունեցող Երևանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը ստանում է 808500 դրամ...6360 ուսանող ունեցող Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝500 հազար դրամ,7000 ուսանող ունեցող Երևանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ 693 հազար դրամ...
10 հազար ուսանող ունեցող Հայաստանի պետական մանկավարժական հաամալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի աշխատավարձը կազմում է ընդամենը 589600 դրամ,իսկ նույնքան ուսանող ունեցող Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի աշխատավարձը կազմում է ընդամենը 444 հազար դրամ...Մոտ 4000 ուսանող ունեցող Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի աշխատավարձը կազմում է 400 հազար դրամ (բոլորի աշխատավարձերը ներկայացված է հարկերը ներառյալ)... Հետաքրքիր է,այդ ի՞նչ ծառայություններ է մատուցում Շիրակի պետհամալսարանի գիտթեկնածու և մի 4-5 «գիտական» հոդվածների հեղինակ ռեկտոր Սահակ Մինասյանը,որ, ունենալով ընդամենը 2500 ուսանող, 110 հազար դրամով ավելի շատ է վարձատրվում 20 հազար ուսանող ղեկավարող, 81 գիտական աշխատանքների և 4 մենագրությունների հեղինակ,պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանից...ԿԳ նախարարությունում ինչպե՞ս են այս ամենը մեկնաբանում...
Երևանյան և ընդհանրապես հայաստանյան բոլոր ԲՈՒՀ-երի ռեկտորները պետք է երազեն,որ, հաշվի առնելով իրենց ուսանողների թիվը և վարձավճարները, այսպիսի «հոլիվուդյան» աշխատավարձ ստանային...Պարոն Մինասյանը նույնքան շռայլ՝«հոլիվուդյան» է գտնվել իր ընկերների և մտերիմների հանդեպ ևս...Հայաստանյան շատ պաշտոնյաներ,այդ թվում նաև մարզպետներ և քաղաքապետեր,էլ չեմ ասում նույն նախագահի և վարչապետի խորհրդականների և օգնականների մասին, կերազեին ռեկտոր Մինասյանի մոտ աշխատեին որպես թեյ և սուրճ եփող գործավարուհի,որն ըստ հաստիքացուցակի' ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ,օգնական և խորհրդական՝250-300 հազար դրամ աշխատավարձ,Որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն, Ուսումնագիտական և խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրեն,գլխավոր ֆինանսիստ,գլխավոր հաշվապահ՝350 հազար դրամ,բժիշկ՝250 հազար դրամ և այլն...Շիրակի մարզի գլխավոր բուժհաստատության և շատ պոլիկլինիկաների առաջատար բժիշկները և բուժքույրերը կերազեին ստանալ համապատասխանաբար 250 և 95 հազար դրամ ամսական աշխատավարձ...Իսկ դասախոսները ,ըստ պարոն Մինասյանի,պետք է բավարարվեն գրոշներով...Մեկ ամիս ժամավճարով պարապելուց հետո պրոֆեսորադասախոսական անձնակազմին վճարեցին դրույքաչափով,որի արդյունքում դասախոսների աշխատավարձերը բավական նվազեցին...Իսկ դրույքաչափերը հետևյալն են.1 դրույքաչափը չպաշտպանած դասախոսների համար՝150 հազար դրամ՝ հարկերը ներառյալ,այսինքն՝ «կեղտոտ»....Առձեռն դասախոսը ստանում է 102 հազար դրամ,գիտթեկնածու- դոցենտները՝180 հազար դրամ (123 հազար դրամ առձեռն),գիտթեկնածուները՝170 հազար դրամ,իսկ պրոֆեսորները՝210 հազար դրամ...Հետաքրքիր է,պարոն Մինասյանի ասած ադմինիստրատիվ կազմի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերի համաչափությունը որտե՞ղ է պահպանված...Այո՛,գիտությունից անսահման հեռու, գիտությունը չսիրող և ԲՈՒՀ-ական կրթությունից բացարձակ ոչինչ չհասկացող ռեկտոր Մինասյանի համար իր թեյ եփող գործավարուհին և Շիրակի պետհամալսարանում դասավանդող պրոֆեսորները նույն հարթակում են գտնվում...
Հ.Գ.Պարոն Մինասյանը ԲՈՒՀ է մտել՝«Եթե նախկինում Ձեզ մոտ հանրապետություն է եղել,ապա այժմ կլինի կայսրություն» (այս արտահայտությունը հենց նա է ինձ ասել) կարգախոսով...Այդ կարգախոսին համապատասխան էլ գործում է....«Կայսրի»՝ Մինասյանի թիմակիցներն օգտվում են ամեն ինչից,իսկ մյուսները՝գրոշներից...Պարոն Մինասյանը չի ընդունում նաև քննադատություն...Իրեն քննադատողների նկատմամբ տոտալ վերահսկողություն է սահմանում և շատերին ահաբեկում՝չշփվել «ընդդիմադիրների» հետ...Ու այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում և Շիրակի պետական համալսարանում...
Գագիկ Համբարյան