Ձեր գրառումը նույնիսկ մի քանի անգամ ուշադիր կարդալուց հետո չկարողացա հասկանալ, թե ի՞նչ էիք ուզում ասել։ Ինչ-որ մեկը մեղավո՞ր է, որ Դուք Ձեր ավագ դստեր և բանակում հերոսաբար ծառայող որդու հետ միասին անընդհատ հայտնվում եք հանրության ուշադրության կենտրոնում։ Ձեր ընտանեկան ծախսերը և անցկացրած ժամանակը, բնականաբար, պետք է լինի ոչ միայն Ձեր հետ շրջող լրագրողների ուշադրության կենտրոնում, այլև Հայաստանում և Հայաստանից դուրս այդ գործով զբաղվող ցանկացած անձի։ Ի՞նչ է, նոր Հայաստանի պարտադիր պայմաններից է նաև միակարծիք լինե՞լը։ Նորից չեմ զլանա հիշեցնել, որ երկար տարիներ ի վեր Ձեր ամուսինը՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից խոսում էր օդից կախված լուրերով։ Չեմ զլանա և Ձեզ կհիշեցնեմ նաև Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հորինված պապիի ելույթը հեղափոխության օրերին։ Շարունակե՞մ...

Իսկ պետբյուջեի ճեղքի մասով կասեմ, որ նույնիսկ մի լումա ծախսելու իրավունք չունեք։ Եվ սա բնավ էլ իմ խոսքերը չեն, սա տարիներ ի վեր Ձեր ընտանիքին պատկանող թերթի կարևոր թեզն է՝ երկրի պետական փողերից ոչ մի լումա չպիտի ծախսվի աննպատակ։ Մենք չենք կարող մեզ նման ճոխություններ թույլ տալ, քանզի ունենք աղետի գոտի, քանզի ունենք աղքատության բարձր ցուցանիշ։ Շարունակե՞մ...

Ինչ մնում է համբերատար լինելուն․ դեռ համբերատար ենք, տիկին Հակոբյան, դեռ լիովին չենք կիրառում այն մանիպուլյացիոն միջոցները, որոնք կիրառվեցին անցած գարնանը և դրան նախորդող իրադարձություններին։ Ձեզ հավատացնում եմ՝ հանգիստ նստած ենք տեղներս...