Մեհրիբան Ալիևան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորաես, ասվում է. «Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի ընդունի օկուպացիան: Մեր հողը, մեր պայքարը հայրենիքի համար սուրբ են: Մեր գործը արդար է, և Աստված մեզ հետ է։ Թշնամին հակահարված է ստացել և միշտ էլ այդպես կլինի: Մենք պետք է դառնանք և կդառնանք ավելի ուժեղ, նույնիսկ ավելի միասնական: Ես իմ խոր ցավն ու հարգանքն եմ հայտնում նահատակների մայրերին և հայրերին: Այս ծանր օրերին ադրբեջանցի ժողովուրդը ձեզ հետ է: Թող Ալլահը հանգստացնի մեր բոլոր նահատակների հոգիները: Արագ վերականգում եմ մաղթում մեր վիրավոր զինվորներին: Թող Ալլահը պահպանի Ադրբեջանին ու մեր ժողովրդին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու կոչ էր արել:
«Երեկվանից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի միջեւ սկսվել են մարտեր:
Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի ժամվա ընթացքում տվել է 4 զոհ:
Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ, հորդորում եմ ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը:
Կանայք, մայրերը եւ քույերերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, եւ ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով:
Հատկապես աշխարհը ծնկի բերած այս համավարակի օրերին պետությունների ղեկավարները պետք է իրենց ջանքերն ուղղեն սեփական ժողովուրդների առողջության պահպանմանը եւ մեկ ընդհանուր թշնամու` համավարակի դեմ պատերազմին, մարդկությանն իր բնականոն կյանքին վերադարձնելու նպատակով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Համաշխարհային զինադադար հայտարարելու կոչին հետեւելը լավագույնն է, որ կարող են անել երկրների ղեկավարներն իրենց երկրների եւ ժողովուրդների համար:
Պատերազմից պետք է միշտ խուսափել: Միշտ կա այլընտրանք»,- գրել էր Հակոբյանը: