Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ժամանել է պաշտոնական այցով Թուրքմենստան ու մի շարք հանդիպումներ է անցկացրել այդ երկրի ղեկավարության հետ:
Թուրքմենստանը ցանկանում է Կասպից ծովի տարածաշրջանում վերածվել Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա՝ TRACEKA միջազգային տրանսպորտային-կոմունիկացիոն միջանցքի կարևորագույն օղակի և Մերձկասպյան տարածաշրջանի յուրօրինակ դարպասների՝ Նոր մետաքսե ճանապարհի վրա: Այդ նպատակով նրանք վերազինել են Թուրքմենբաշիի նավահանգիստը'Կասպից ծովի ափին'դարձնելով այն խոշոր լոգիստիկ կենտրոնի:
Կասպից ծովի ավազանում Թուրքմենստանի կողմից նախատեսված խոշորագույն տրանսպորտային, ինչու ոչ և աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող այս նախագիծը միակը չէ Կասպյան ավազանում: Կասպից ծովի արևմտյան՝ ադրբեջանական ափին, Բաքվի մերձակայքում կյանքի է կոչվել Ալյաթ նոր նավահանգիստը, որն իր հերթին տրանսպորտային՝ լաստանավային փոխադրումներով կապվել է Թուրքմենբաշիի նոր նավահանգստի հետ՝ կազմելով Կասպյան ավազանում նոր տրանսպորտային ինտեգրացիայի մի մասնիկը:
Թուրքմենստան-Ադրբեջան՝ Ալյաթի և Թուրքմենբաշի նավահանգիստների միջև տրանսպորտային երկկողմ կապերը կդառնան եռակողմ, երբ այս տրանսպորտային յուրօրինակ միջանցքին կմիանա նաև Ղազախստանի Աքթաու նավահանգիստը, որից այժմ նավթ, գազ և այլ բեռներ են տեղափոխվում Բաքվի նավահանգիստ, այնուհետև երկաթգծով դեպի Սև ծովի Բաթում և Փոթի նավահանգիստներ և ԵՄ:
Կասպյան ավազանում կձևավորվի յուրօրինակ Մերձկասպյան թյուրքական երկրների տրանսպորտային եռանկյունի՝ Աքթաու-Ալյաթ-Թուրքմենբաշի ուղղություններով: Այդ նոր միջանցքը կշրջանցի Ռուսաստանին և թույլ կտա Մերձկասպյան երկրներից Թուրքմենստանին և Ղազախստանին նվազեցնել իրենց տարանցման հետ կապված կախվածությունը Ռուսաստանից՝ դիվերսիֆիկացնել արտահանման ուղղություններն արևմտյան ուղղությամբ: Ադրբեջանն էլ վաղուց հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել իր տարանցիկ հնարավորությունները՝ երկաթգիծ, ավտոմայրուղիներ, գազանավթատարներ կենտրոնական ասիական երկրների համար, դառնալով Ղազախստանի և Թուրքմենստանի համար պատուհան դեպի Արևմուտք և Թուրքիա:
Բացի այդ, Թուրքմենստանն ու Ադրբեջանը կարող են կյանքի կոչել Տրանսկասպյան գազամուղը'Կասպից ծովի հատակով: Այդ նախագծով հետաքրքրված են Արևմուտքն ու Թուրքիան: Անկարան ցանկանում է ձևավորվել թյուրքական էներգետիկ-տրանսպորտային միջանցք'Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ու Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան ուղղություններով ու ուժեղացնել իր դիրքերը Կասպից ծովում ու թյուրքախոս Կենտրոնական Ասիայում: