Օգոստոսի 8-ին Բաքվում կայանալու է Ադրբեջանի, Իրանի ու ՌԴ-ի նախագահների հանդիպումը: Երեք երկրներն իրականացնում են բազմաթիվ էներգետիկ-տրանսպորտային նախագծեր և այդ հանդիպումը նոր լիցք է տալու ՌԴ-Ադրբեջան-Իրան առանցքի ձևավորման գործընթացին: Ռուսական երկաթուղիները մասնակցում են ՌԴ-Ադրբեջան-Իրան՝Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցմանը, որը թույլ կտա ՌԴ-ը ադրբեջանական ու իրանական տարածքներով կապել Պարսից ծոցին, Հնդկաստանին ու Միջին Արևելքի երկրներին:
Ադրբեջանը դառնալու է տարանցիկ կարևոր միջանցք թե Թեհրանի, թե Մոսկվայի համար: Այդ ծրագիրը Ադրբեջանը ցանկանում է օր առաջ կյանքի կոչել՝անգամ կես միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Իրանին՝երկրները կապող երկաթգիծը արագ ավարտին հասցնելու համար, որպեսզի էլ ավելի խորացնի ՀՀ-ի մեկուսացումը Հարավային Կովկասում: Իրան-Հայաստան երկաթգիծը, որի մասին տարիներ շարունակ խոսվում է, այդպես էլ իրականություն չի դառնում՝այդ թվում ֆինանսական և հայկական կողմի ոչ նախաձեռնողական, պասիվ դիրքորոշման պատճառով, իսկ Բաքուն այդ շանսը ձեռքից բաց չի թողնում՝իրանական բեռների հոսքերը դեպի իր տարածք ուղղելու համար, անգամ կարող է արտոնյալ պայմաններ ստեղծել իրանցիների համար՝միայն թե իրանցիներին կտրի ՀՀ-ի ուղղությունն ընտրելու ցանկությունից:
Ինչ վերաբերվում է ՌԴ-ին, ապա Իրանի շուկա դուրս գալը՝Կասպից ծովով, լաստանավային փոխադրումներին զուգահեռ ավտոմոբիլային, երկաթգծային կապ ունենալը շատ կարևոր է՝80 միլիոնանոց, պատժամիջոցներից ազատված իրանական շուկան շատ գրավիչ է տնտեսական լուրջ խնդիրներ՝պատժամիջոցներ, նավթի գների անկում, ռուբլու արժեզրկում ունեցող Մոսկվայի համար: Երեք երկրները շահերը էներգետիկ-տրանսպորտային նախագծեր իրականացնելու հարցում համընկնում է և նրանց առաջ են շարժվելու իրենց ազգային շահերից ելնելով՝ՀՀ-ի շահերը ոչ ոք հաշվի չի առնելու ու դա օբյեկտիվ է՝բոլորը, թե Մոսկվան, թե Բաքուն, թե Թեհրանը ունեն տնտեսական-քաղաքական շահեր ու պաշտպանելու են միայն դրանք: Ինչ վերաբերվում է էներգետիկ նախագծերին երեք երկրների միջև, ապա Ադրբեջանը կարող է ռուսական գազն ու նավթը արտահանել Իրան և հակառակը՝տարանցել իրանական գազն ու նավթը իր ենթակառուցվածքներով դեպի ՌԴ:
Մոսկվայի ցանկացած գործողության մեջ ՀՀ-ին հարվածելու փորձեր տեսնողները կրկին կհայտարարեն, թե ՌԴ-ը Ադրբեջանի վրա է հենվում տարածաշրջանում, իսկ Իրանին, թե ի՞նչու Իրան-ՀՀ կյանքի չեք կոչում, այլ գնում էք դեպի Ադրբեջան, որն աչք է դրել ձեր հյուսիսային, ադրբեջանաբնակ տարածքների վրա, սակայն քաղաքականությունն էմոցիաներ չի ճաչանում, ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ, իսկ գերտերություննեը՝Իրան, ՌԴ խաղում են երկարաժամկետ խաղեր ու չեն հենվում միայն մի պետության վրա՝խուսանավելով, դիվերսիֆիկացնելով իրենց ազդեցության լծակները հավասարաչափ Հարավային Կովկասում:
Արտեմ Բալասանով