ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (9 հոկտեմբեր 2018թ.)
Հիսուս ասում է.
-Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը բարեհաճեց արքայությունը ձեզ տալ։ Վաճառեցե՛ք ձեր ունեցվածքները և փողը ողորմությա՛ն հատկացրեք։ Փորձեցե՛ք ձեռք բերել այնպիսի հարստություն, որ չի արժեզրկվում, այնպիսի մի գանձ, որ չի պակասում, և այն դիզեցե՛ք երկնքում, որտեղ ո՛չ գողը կարող է մոտենալ նրան, և ո՛չ էլ ցեցը կարող է փչացնել. որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ է նաև ձեր սիրտը։
-Պատրա՛ստ եղեք, թող ձեր գոտիները ձեր մեջքին ամրացած և ձեր ճրագները վառված լինեն, նման եղեք այն ծառաներին, որոնք սպասում են, որ իրենց տերը հարսանիքից վերադառնա, որպեսզի երբ գա և բախի դուռը, նրանք իսկույն բաց անեն։ Երանի՜ այն ծառաներին, որոնց տերը երբ գա, արթուն կգտնի նրանց։ Ասում եմ ձեզ, որ ինքն իր մեջքին գոտի պիտի կապի, սեղան պիտի նստեցնի նրանց և ինքը սպասարկի նրանց։ Երանելի են այն ծառաները, որոնց տերը արթուն կգտնի նրանց, երբ տուն վերադառնա կեսգիշերին կամ ավելի ուշ։
Բայց ա՛յս էլ իմացեք, որ եթե տանտերը գիտենար, թե գողը որ ժամին կգար, արթուն կմնար և թույլ չէր տա, որ գողը, պատը քանդելով, իր տունը մտներ։ Ուրեմն դուք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կարող է գալ ձեր չսպասված ժամին։
(Ղուկասի ավետարան 12:32-40)
Արթուն և պատրա՛ստ եղեք, որովհետև ձեր թշնամին՝ Սատանան, առյուծի նման մռնչալով շրջում և փնտրում է մեկին, որ կուլ տա: Հաստատուն հավատով կանգնեցե՛ք նրա դեմ՝ իմանալով, որ աշխարհում ձեր բոլոր եղբայրներն էլ նույն չարչարանքներով են անցնում: Եվ ամեն շնորհ պարգևող Աստվածը, որ Քրիստոս Հիսուսի միջոցով իր հավիտենական փառքին կանչեց ձեզ՝ նկատի ունենալով, որ ինչ-որ չափով մասնակից եղաք Հիսուսի չարչարանքներին, կկազդուրի, կզորացնի և ամուր հիմքերի վրա կհաստատի ձեզ:
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 5:8-10)
Ռուբեն վարդապետ Զարգարյան