ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (17 նոյեմբեր 2018թ.)
Հետևյալ օրը Հովհաննեսն իր երկու աշակերտների հետ դարձյալ կանգնած էր այնտեղ։ Տեսնելով, որ Հիսուսն անցնում էր այդտեղից, ասաց. -Ահա՛ Աստծու Գառը։
Երկու աշակերտները, լսելով Հովհաննեսի այս խոսքը, հետևեցին Հիսուսին։ Երբ Հիսուսը հետ դարձավ և տեսավ, որ նրանք հետևում են իրեն, ասաց. -Ի՞նչ եք ուզում։
Նրանք ասացին. -Ռաբբի՛, որտե՞ղ ես մնում (Ռաբբի նշանակում է «վարդապետ», այսինքն՝ «ուսուցիչ»)։
Հիսուսը պատասխանեց. -Եկե՛ք և տեսե՛ք։
Նրանք գնացին և տեսան, թե որտեղ էր մնում, և այդ օրը մնացին նրա մոտ, որովհետև կեսօրից հետո շուրջ ժամը չորսն էր։ Անդրեասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, մեկն էր այն երկու աշակերտներից, որոնք լսեցին Հովհաննեսի վկայությունը և հետևեցին Հիսուսին։ Սա իսկույն գտավ իր եղբորը՝ Սիմոնին, և ասաց նրան. -Գտանք Մեսիային (Մեսիա նշանակում է Քրիստոս, այսինքն՝ «Օծյալ»)։
Հետո նրան տարավ Հիսուսի մոտ։ Հիսուսը նայեց նրան և ասաց. -Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին։ Դու պիտի կոչվես Կեփաս (Կեփաս նշանակում է Պետրոս, այսինքն՝ «ժայռ»)։
Հաջորդ օրը Հիսուսը որոշեց գնալ Գալիլեա։ Տեսավ Փիլիպպոսին և ասաց նրան. -Հետևի՛ր ինձ։
Փիլիպպոսը Բեթսայիդայից էր, Անդրեասի և Պետրոսի քաղաքից։ Փիլիպպոսը գտավ Նաթանայելին և ասաց նրան.
-Գտանք այն մարդուն, ում մասին գրել են թե՛ Մովսեսն իր Օրենքի գրքում և թե՛ մարգարեները։ Նա Հիսուսն է՝ Հովսեփի որդին, Նազարեթ քաղաքից։
Նաթանայելը հարցրեց.
-Բայց կարելի՞ է, որ Նազարեթից մի որևէ լավ բան դուրս գա։
Փիլիպպոսն ասաց. -Արի՛ ու տե՛ս։
Երբ Հիսուսը տեսավ Նաթանայելին, որ գալիս էր իր մոտ, ասաց նրա մասին.
-Ահա ճշմարիտ մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա։
Նաթանայելը հարցրեց. -Որտեղի՞ց ես ինձ ճանաչում։
Հիսուսը պատասխանեց. -Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած՝ տեսա քեզ, երբ դու թզենու տակ էիր։
Նաթանայելն ասաց. -Ռաբբի՛, դու Աստծու Որդին ես, դու Իսրայելի թագավորն ես։
Հիսուսը պատասխանեց.
-Դու նրա համա՞ր ես հավատում, որ քեզ ասացի, թե՝ «Թզենու տակ տեսա քեզ». սրանից հետո շատ ավելի մեծ բաների ականատես պիտի լինես։
Եվ իր խոսքը շարունակելով՝ ասաց. -Վստա՛հ եղեք, պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին՝ Մարդու Որդու վերևում բարձրանալիս և իջնելիս։
(Հովհաննեսի ավետարան 1։35-51)