Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջան-Իրան-Վրաստան էներգետիկ միջանցքի ստեղծումն առաջնահերթություն է:

Նշվում է, որ Ադրբեջանի ու Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի արտահանման-ներկրման հզորությունը կազմում է 650 մեգավատ, իսկ Ադրբեջանի ու Իրանի միջև'400 մեգավատ: Բանակցություններ են ընթանում Ադրբեջան-Իրան-Վրաստան էներգետիկ միջանցքի ստեղծման մասին:

Բացի այդ, ՌԴ-ի հետ բանակցություններ են ընթանում Յաշմա-Դերբենտ միջպետական էլեկտրահաղորդակցության երկրորդ գծի շինարարության շուրջ:

Ադրբեջանը ցանկանում է իր երկու հարևաններին' Վրաստանին ու Իրանին ներգրավել մեկ միասնական տրանսպորտային, էներգետիկ նախագծերում' Թբիլիսին ու Թեհրանը ՀՀ-ից «պոկելու» նպատակով։

Բաքուն ցանկանում է զարգացնել այսպես կոչված «Հարավ-Արևմուտք» (Հնդկաստան-Պարսից ծոց-Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով-Ուկրաինա-ԵՄ) միջանցքը։ Դա արվում է ՀՀ-ն տարածաշրջանային նախագծերից մեկուսացնելու նպատակով։ Հայ-իրանական ու հայ-վրացական երկկողմ տրանսպորտային, էներգետիկ և այլ նախագծերի կյանքի կոչումը հարվածում է ՀՀ-ն մեկուսացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարությանը։ Չմոռանանք, որ Վրաստանն ու Ադրբեջանը նաև ՎՈւԱՄ-ի անդամ են։

Ադրբեջանը ցանկանում է «միջանցք» դառնալ իրանական բիզնեսի համար դեպի Վրաստան ու Սև ծով, իսկ Վրաստանի համար' Թբիլիսի-Բաքու-Իրանի սահման երկաթգծի միջոցով վրացիներին թույլ տալ մուտք գործել իրանական բազմամիլիոնանոց շուկա ու Պարսից ծոց։

Տրանսպորտային ու էներգետիկ, տարանցիկ միջանցքի վերածվելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դրդել Բաքվին հատուկ, արտոնյալ պայմաններ ստեղծել իրանական ու վրացական արտադրողների ու բեռնափոխադրողների համար, որպեսզի նրանք հայկական' ՀՀ-ի տարածքով անցնող ուղղությանը նախընտրեն ադրբեջանական ուղղությունըч դա էլ տնտեսական պատերազմի, դեմփինգի և այլ տարրերից մեկն է։

 

Արտյոմ Բալասանով