Այսօր Բաքվում կայացած Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր է ստորագրվել։
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հռչակագիրը կընդլայնի քառակողմ համագործակցությունն ենթառակուցվածքային, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։
Նա հավելել է, որ հաջորդ քառակողմ ֆորմատով հանդիպումը կայանալու է Վրաստանում։
Ադրբեջանը ցանկանում է իր երկու հարևաններին'Վրաստանին ու Իրանին ներգրավվել մեկ միասնական տրանսպորտային, էներգետիկ նախագծերում'Թբիլիսին ու Թեհրանը ՀՀ–ից «պոկելու» նպատակով։
Բաքուն ցանկանում է զարգացնել այսպես կոչված «Հարավ–Արևմուտք»(Հնդկաստան–Պարսից ծոց–Իրան–Ադրբեջան–Վրաստան–Սև ծով–Ուկրաինա–ԵՄ) միջանցքը։ Դա արվում է ՀՀ–ն տարածաշրջանային նախագծերից մեկուսացնելու նպատակով'հայ–իրանական ու հայ–վրացական երկկողմ տրանսպորտային, էներգետիկ և այլ նախագծերի կյանքի կոչումը հարվածում է ՀՀ–ն մեկուսացնելու թուրք–ադրբեջանական տանդեմի ռազմավարությանը։ Չմոռանանք, որ Վրաստանն ու Ադրբեջանը նաև ՎՈւԱՄ–ի անդամ են։
Ադրբեջանը ցանկանում է «միջանցք» դառնալ իրանական բիզնեսի համար դեպի Վրաստան ու Սև ծով, իսկ Վրաստանի համար'Թբիլիսի–Բաքու–Իրանի սահման երկաթգծի միջոցով վրացիներին թույլ տալ մուտք գործել իրանական բազմամիլիոնանոց շուկա ու Պարսից ծոց։
Տրանսպորտային ու էներգետիկ, տարանցիկ միջանցքի վերածվելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դրդել Բաքվին հատուկ, արտոնյալ պայմաններ ստեղծել իրանական ու վրացական արտադրողների ու բեռնափոխադրողների համար, որպեսզի նրանք հայկական'ՀՀ–ի տարածքով անցնող ուղղությանը նախընտրեն ադրբեջանական ուղղությունը'դա էլ տնտեսական պատերազմի, դեմփինգի և այլ տարրերից մեկն է։
Այս քաղաքականությանը դիմակայելու համար անհրաժեշտ է օպերատիվ կերպով կյանքի կոչել Հյուսիս–Հարավ նախագիծը, Իրան–Հայաստան երկաթգիծն ու վրացական ու իրանական բիզնեսի համար արտոնյալ պայմաններ ստեղծել'տարածաշրջանում չմեկուսացվելու համար։