ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (4 սեպտեմբեր 2018թ.)

Հիսուս ասում է.
-Կգա ժամանակ, երբ ով որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե Աստծուն ծառայություն է մատուցում: Մարդիկ այս բաները կանեն ձեզ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը և ո՛չ էլ ինձ:
(Հովհաննեսի ավետարան 16:2-3)

Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է...
Եվ գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը հեծում է երկունքի ցավով, և ոչ միայն ստեղծագործությունը, այլ նաև մենք, որ ստացել ենք Սուրբ Հոգին՝ որպես Աստծու պարգևների երախայրիք, մենք ևս ներքնապես հեծում ենք՝ ակնդետ սպասելով որդեգրության, այսինքն՝ մեր մարմինների փրկությանը: Այս հույսով է, որ փրկվեցինք: Իսկ տեսանելի հույսը հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա: Ընդհակառակը, եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան:
Ճիշտ նույն ձևով էլ Սուրբ Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը, որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպես պետք է աղոթել, բայց Հոգին ինքը բարեխոսում է մեզ համար անմռունչ հառաչանքներով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:18, 22-26)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան