Օրհնյալ է Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ: Նա աշխարհի գոյությունից էլ առաջ ընտրել էր մեզ՝ Քրիստոսի միջոցով իրեն պատկանելու համար, որպես սուրբ և անարատ ժողովուրդ, և իր սիրով մեզ նախասահմանել՝ Հիսուս Քրիստոսի միջոցով իր որդիները լինելու, որովհետև ա՛յդ էր իր կամքն ու ծրագիրը:


Ուստի, գովենք նրան այն փառքի համար, որ մեզ շնորհեց իր սիրելի Որդու միջոցով։ Արդարև, նրանո՛վ փրկվեցինք և նրա արյունո՛վ թողություն գտանք մեր մեղքերի համար։ Որքա՜ն մեծ է իր շնորհը, որ առատորեն տվեց մեզ ամենայն իմաստությամբ և գիտությամբ, որովհետև իր կամքի համաձայն նա մեզ հայտնեց նախապես պատրաստած իր ծրագիրը, որ իրագործվելու է Քրիստոսով։ Եվ այդ ծրագիրն այս է. երբ ժամանակներն իրենց լրումին հասնեն, Քրիստոսն իրենով բովանդակելու է ամեն ինչ, որ կա երկնքում և երկրի վրա։


Քրիստոսի միջոցով ժառանգորդ դարձանք փրկության։ Աստված, որ ամեն ինչ հաջողեցնում է ըստ իր առաջադրած ծրագրի ու կամքի, դրանով սկզբից հրավիրեց մեզ՝ գովերգելու իր փառքը. մենք, որ Քրիստոսին հուսացողների առաջիններից եղանք։


(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 1:3-12)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան