Մենք հրաժարվել ենք վարագույրի հետևում նյութված ամոթալի գործերից, այսինքն՝ խորամանկություն չենք գործադրում և Աստծու խոսքը չենք նենգափոխում, այլ բացեիբաց ճշմարտությունն ենք հայտարարում ու այդպես ներկայանում մարդկանց առաջ, ինչպես կանեինք Աստծու առաջ։

 

Իսկ հակառակ սրան, եթե մեր քարոզչությունը մութ է թվում ոմանց, ապա մութ է թվում միայն նրա՛նց համար, ովքեր կորստի ճանապարհին են գտնվում։ Այս աշխարհի «աստվածը» համարված Սատանան կուրացրել է այդ անհավատների միտքը, որպեսզի չլինի թե Ավետարանի բերած լույսը ծագի նրանց մեջ, այսինքն՝ տեսնեն փառքը Քրիստոսի, որ պատկերն է անտեսանելի Աստծու։ Սակայն մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ քարոզում ենք Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, և մենք ձեր ծառաներն ենք դարձել ի սեր Հիսուսի, որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարի մեջ թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք և Աստծու փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոսի անձի մեջ։ Արդ, այս գանձը մենք կրում ենք մեր մեջ կավե անոթների նման, որպեսզի հստակ երևա, թե այս անսահման զորությունն Աստծուց է գալիս և ոչ թե մեզնից։ Ամեն տեսակ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, տագնապի ենք մատնված, բայց հուսահատ չենք, հալածանքներն անպակաս են, բայց լքված չենք, հաճախ խոշտանգված, բայց խորտակված չենք։ Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ Որքան ժամանակ որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։

 

Այսպիսով, մահը ներգործում է մեր մեջ, որպեսզի կյանքը ներգործի ձեր մեջ։ Սաղմոսում գրված է. «Հավատացի. ահա թե ինչու խոսեցի»։ Հավատի նույն ոգին ունենք մենք։ Մենք էլ ենք հավատում, դրա համար էլ խոսում ենք։ Գիտենք, թե Աստված, որ հարություն տվեց Տեր Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ։ Այս բոլորը լինում է ձեզ համար, որպեսզի փրկության շնորհն ավելի ու ավելի տարածվի մարդկանց վրա, և գոհաբանական աղոթքներն առատանան Աստծու փառքի համար։

(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 4:2-14)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան