Թուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենա. Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը մեջլիսում են

▪ ️Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը:

2015 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամավոր կար' Գարո Փայլանը, Մարգար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը: Վերջինիս թեկնածությունն այս ընտրություններում կուսակցությունը չի առաջադրել:

Իր պատգամավորական գործունեության ժամանակ Գարո Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին հուզող հարցերը: Նա աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը:

 

Ի տարբերություն Փայլանի' Եսայանը հայտնի է իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2015-ին ընտրվելուց ի վեր նա որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016 թվականի հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր:

 

Այս ընտրություններում առաջադրված հայազգի երկու թեկնածուներ' Լուդմիլա Բյույումը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) և Էլմաս Կիրակոսը («Լավ» կուսակցություն) նախնական արդյունքներով մեջլիսում չեն լինի:

 

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 92 տոկոսի հաշվարկի արդյունքներով' իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեջլիսում կունենա 295, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը' 146, «Ազգայնական շարժում» կուսակցությունը' 49, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը' 66, «Լավ» կուսակցությունը' 44 պատգամավորական մանդատ:

 

Արաքս շաբաթաթերթ