Եվ երբ աշխարհից վերանալու ժամանակը հասավ, Հիսուսը որոշեց գնալ Երուսաղեմ։ Իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց, որոնք գնացին և մտան Սամարիայի գյուղերից մեկը՝ նրա համար պատրաստություն տեսնելու։ Սակայն ժողովուրդը չընդունեց նրան, քանի որ Հիսուսը ուղևորվում էր Երուսաղեմ։ Երբ նրա աշակերտներից Հակոբոսը և Հովհաննեսը տեսան այս, ասացին.
-Տե՛ր, ուզո՞ւմ ես ասենք, որ երկնքից կրակ տեղա և սպանի նրանց։
Հիսուսը դարձավ, հանդիմանեց նրանց՝ ասելով.
-Չե՛ք իմանում՝ ինչ տեսակ հոգու եք պատկանում. որովհետև Մարդու Որդին չեկավ մարդկանց կորստյան մատնելու, այլ նրանց փրկելու։
Եվ գնացին մի ուրիշ գյուղ։
Մինչ նրանք ուղևորվում էին, ճանապարհին մեկն ասաց Հիսուսին.
-Ուր էլ գնաս, կգամ քո հետևից։
Հիսուսը պատասխանեց.
-Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչունները՝ բույն, սակայն Մարդու Որդին տեղ չունի գլուխը հանգիստ դնելու համար։
Մի ուրիշի էլ ասաց.
-Հետևի՛ր ինձ։
Սա ասաց.
-Տե՛ր, թո՛ւյլ տուր, որ նախ գնամ և թաղեմ իմ հորը։
Հիսուսը պատասխանեց.
-Թող որ մեռելնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛ և քարոզի՛ր Աստծու թագավորությունը։
Մեկ ուրիշն էլ ասաց.
-Տե՛ր, կհետևեմ քեզ, բայց թո՛ւյլ տուր, որ նախ գնամ և հրաժեշտ տամ իմ ընտանիքին։
Հիսուսը պատասխանեց.
-Ով իր ձեռքը մաճին է դնում և ապա հետ է նայում, նա հարմար չէ Աստծու թագավորությանը։
(Ղուկասի ավետարան 9:51-62)
Երբ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի զորության և նրա երկրորդ գալստյան մասին խոսեցինք անձամբ, շինծու մի առասպել չէր, որ ներկայացրինք ձեզ, քանի որ ականատես եղանք նրա մեծությանը, երբ նա փառք ու պատիվ ստացավ Հայր Աստծուց, որն իր մեծավայելուչ և փառավոր ձայնով վկայեց նրա մասին՝ ասելով. «Սա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ հաճությունը»։ Մենք անձամբ լսեցինք երկնքից եկող այդ ձայնը, որովհետև Հիսուսի հետ միասին էինք սուրբ լեռան վրա։
Ահա թե ինչու այժմ ավելի ամուր կապված ենք մարգարեական վկայություններին, և լավ կլինի, որ դուք էլ ձեր ուշադրությունը դարձնեք դրանց վրա, որովհետև դրանք այն ճրագն են, որ լույս են տալիս մութ տեղը, մինչև բացվի այն օրվա արշալույսը, և Առավոտյան աստղը ծագի ձեր սրտերում։
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 1:16-19)
Ռուբեն վարդապետ Զարգարյան