Արդ, քանի որ Քրիստոսը մարմնով չարչարվեց մեզ համար, դո՛ւք էլ զինվեցեք նույն մտածումով, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղանչելուց և իր կյանքի մնացած ժամանակն այլևս չի ապրում մարդկային ցանկություններով, այլ Աստծու կամքի համաձայն։ Բավական է ինչքան անցյալում ապրեցիք հեթանոսների կամեցած ձևով՝ անբարոյությամբ, հեշտասիրությամբ, գինեմոլությամբ, անառակությամբ, հարբեցողությամբ և կռապաշտական անօրեն սովորություններով։ Հեթանոսները տարօրինակ են համարում, որ դուք իրենց նման չեք հետևում նույն սանձարձակ զեխություններին, և հայհոյում են ձեզ։ Բայց այդ բոլորի համար նրանք պատասխան պիտի տան Աստծուն, որ պատրաստ է դատելու ողջերին և մեռածներին։ Ահա թե ինչու Քրիստոսը գնաց և Ավետարանը քարոզեց նաև մեռելներին, որպեսզի նրանք բոլոր մարդկանց նման, իբրև մարմին մահվան դատապարտվելով հանդերձ, իբրև հոգի ապրեն, ինչպես ապրում է Աստված։

Մոտեցել է ամեն ինչի վախճանը. հետևաբար, զգաստ և արթո՛ւն եղեք աղոթքի նվիրվելու համար։ Ամեն բանից առաջ ջերմ սե՛ր ունեցեք միմյանց հանդեպ, որովհետև «սերը պատճառ է լինում, որ ձեր բազում մեղքերը ներվեն»։ Հյուրասիրությո՛ւն ցույց տվեք միմյանց՝ առանց տրտնջալու։ Ձեզնից յուրաքանչյուրը, որպես Աստծու բազմատեսակ պարգևների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին։ Խոսելո՞ւ շնորհ ունի. թող
մատակարարի Աստծու պատգամները։ Ծառայելո՞ւ շնորհ ունի. թող ծառայի, ինչքան Աստված կարողություն է տալիս, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նրա՛նն են փառքը և զորությունը հավիտյանս հավիտենից։ Ամեն։


(Պետրոս առաքյալի առաջին նամակը 4:1-11)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան