Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԶՈւ-ն համատեղ պատժիչ հարված հասցրեին սիրիական վարչակարգին՝ սեփական բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքի հիման վրա:
Ինչպես և կանխատեսվում էր, ռազմագործողությունը թիրախային էր և ներառում էր Սիրիայի տարածքում քիմիական զենքի պատրաստման և պահպանման մի քանի օբյեկտներ:
Ինչպես և կանխատեսվում էր, թիրախային հարվածը հնարավորինս շրջանցեց Սիրիայի տարածքում ներկայություն ունեցող այլ արտաքին ուժերի դիրքերը: Ինչպես և սպասվում էր, պատժիչ հարձակման պատասխանը ներկայացվեց՝ որպես բացառապես սիրիական ԶՈւ-ի գործողություն:
Կարելի է կանխատեսել, որ առաջիկա ժամերին և օրերին ականատես կլինենք տեղեկատվական պատերազմի հսկայական ալիքի, որի բովանդակակային բաղադրիչներն են լինելու մի կողմից կոալիցիոն ուժերի վճռակության, նրանց գործողությունների նպատակաուղղվածության հիմնավորումը, մյուս կողմից՝ «սիրիական պատասխանի» արդյունավետության ներկայացումը և հասցված հարվածի հետևանքները նվազագույնին հասցնելու միտումները:
Այլ կերպ ասած՝ կարծես սրանով գործընթացի ռազամական փուլը, կարծես, կավարտվի, և հետագա զարգացումները կտեղափոխվեն քաղաքական հարթություն՝ հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների մասնակցությամբ, որտեղ, սակայն, լարվածությունը կշարունակվի, քանի որ այդ լարվածությունը պայմանավորված չէ միայն սիրիական հիմնախնդրով, իսկ վերջինը միայն բազուկներ ցուցադրելու հարթակ է:

Հ.Գ. Ստեղծված իրավիճակին հավելյալ բարդություն է հաղորդում այն իրողությունը, որ արտաքին գերատեսչությունների մակարդակով չկա լիարժեք շփում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև, քանի որ Նահանգների նոր պետքարտուղարը և նրա թիմը դեռևս լիովին չի ստանձնել պաշտոնը, իսկ առկա մյուս հարթություններում՝ նախագահների մակարդակով շփում ընդհանրապես չկա, պաշտպանական գերատեսչությունների միջև կապը կրում է իրավիճակային բնույթ: