Օրհնյալ է Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմությամբ վերստին ծնեց մեզ, որպեսզի մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ ունենանք այն կենդանի հույսը, թե ժառանգելու ենք անեղծ, անարատ և անթառամ կյանքը, որ երկնքում պահված է ձեզ համար։ Եվ Աստված իր զորությամբ պահում է ձեզ, որպեսզի ձեր հավատով հասնեք նրա պատրաստած փրկությանը, որ հայտնվելու է ժամանակի վախճանին։ Ուրախացե՛ք այդ փրկությամբ, նույնիսկ եթե այժմ հարկադրաբար փոքր-ինչ տրտմած եք ձեր կրած այլևայլ փորձությունների պատճառով։ Այդպիսով փորձված ձեր հավատը շա՛տ ավելի թանկագին է, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում. դրա համար էլ, երբ Հիսուս Քրիստոսը հայտնվի, կգովի ձեզ և կարժանացնի փառքի ու պատվի։ Որովհետև դուք նրան չտեսաք, բայց սիրեցիք և առանց նրան տեսնելու հավատում եք՝ ուրախանալով
այն անպատմելի ու փառավոր խնդությամբ, որ ձերն է լինելու, որպես ձեր հավատի արդյունք՝ դուք կստանաք ձեր հոգիների փրկությունը։
Այս փրկությունն էր, որ փնտրեցին և փորձեցին հասկանալ մարգարեները, որոնք ձեզ տրվելիք շնորհի մասին մարգարեանալով՝ փորձում էին հասկանալ, թե ինչպիսի՛ ժամանակի և ինչպիսի՛ հանգամանքների մասին էր ծանուցում իրենց մեջ գործող Քրիստոսի Հոգին, որ կանխապես վկայում էր Քրիստոսի չարչարանքների և դրանց հաջորդելիք փառքի մասին։ Աստված հայտնեց նրանց, որ իրենց փոխանցված այդ պատգամներն իրենց ժամանակների համար չէին, այլ մե՛զ համար ասացին այն, ինչ որ այժմ Ավետարանը քարոզող մարդիկ ձեզ փոխանցեցին երկնքից ուղարկված Սուրբ Հոգու մղումով։ Պատգամներ, որոնց կատարումը հրեշտակներն անգամ կցանկանային գեթ մասամբ տեսնել:
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 1:3-12)