Հիսուսը դարձյալ երևաց իր աշակերտներին՝ Տիբերիայի լճի ափին։ Ահա թե նա ինչպես երևաց. միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկվորյակ կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները և Հիսուսի աշակերտներից ուրիշ երկու հոգի։ Սիմոն Պետրոսը նրանց ասաց.


-Գնում եմ ձուկ որսալու։
-Մենք էլ ենք գալիս քեզ հետ,-ասացին մյուսները։
Նրանք գնացին և նավակ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Առավոտյան վաղ Հիսուսը կանգնած էր լճի եզերքին, սակայն աշակերտները չիմացան, որ Հիսուսն է։ Հիսուսն ասաց նրանց.


-Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք։
-Ո՛չ,- պատասխանեցին նրանք։
Հիսուսն ասաց նրանց.
-Ուռկանը գցեք նավակի աջ կողմը և կգտնեք։
Նրանք գցեցին ուռկանը, և երբ ուզեցին դուրս քաշել, ձկների շատությունից չէին կարողանում։
Այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, ասաց Պետրոսին. -Տե՜րն է։
Սիմոն Պետրոսը երբ լսեց, թե Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և նետվեց ջրի մեջ։ Մյուս աշակերտները, որոնք ցամաքից շատ հեռու չէին, մոտ հարյուր մետր, նավակով եկան դեպի եզերք՝ իրենց հետ քաշելով ձկներով լի ուռկանը։ Երբ ցամաք ելան, տեսան վառված կրակ ու նրա վրա դրված ձուկ ու հաց։ Հիսուսն ասաց նրանց. -Բերե՛ք այդ ձկներից, որ հիմա բռնեցիք։


Սիմոն Պետրոսը նավակ մտավ և ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր հարյուր հիսուներեք մեծ-մեծ ձկներով։ Չնայած այդքան ձկներին, ուռկանը չպատռվեց։
Հիսուսն ասաց նրանց. -Եկեք կերե՛ք։
Աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել նրան, թե դու ո՛վ ես, որովհետև գիտեին, որ Տերն է։ Հիսուսը մոտեցավ, վերցրեց հացը և տվեց նրանց. նույնպես և ձուկը։
Այս երրորդ անգամ էր, որ Հիսուսը երևաց աշակերտներին՝ մեռելներից հարություն առնելուց հետո։


(Հովհաննեսի ավետարան 21:1-14)

Եղբայրնե՛ր իմ, մարդկանց միջև երբեք խտրություն մի՛ դրեք, դուք՝ որպես հավատացողներ Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ, որ միայն ի՛նքը գիտի մարդկանց փառավորել։ Եթե պատահի, օրինակ, որ ոսկի մատանի դրած և փառավոր զգեստներ հագած մի մարդ գա ձեր հավաքույթին, և մյուս կողմից գա նաև աղքատ մի մարդ՝ մաշված զգեստներով, և դուք փառավոր հագուստներ ունեցողին մեծ հարգանքով ասեք՝ «Վերևո՛ւմ նստիր, խնդրեմ», մինչ աղքատին ասեք՝ «Դու այստեղ ոտքի՛ կանգնիր» և կամ՝ «Ե՛կ այստեղ գետնի՛ն նստիր՝ ոտքերիս մոտ», արդյոք դուք ձեր մեջ խտրություն դրած չե՞ք լինի և դատած չե՞ք լինի սխալ սկզբունքով։
Լսեցե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, Աստված ինքը չընտրե՞ց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգելու են այն արքայությունը, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին։ Մինչդեռ դուք արհամարհում եք աղքատներին։ Իսկ հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ. նրանք չե՞ն, որ քարշ են տալիս ձեզ դատարանից դատարան։ Նրանք չե՞ն, որ վարկաբեկում են Քրիստոսի բարի անունը, որ դուք կրում եք ձեզ վրա։ Բայց դուք լավ կանեք, եթե իսկապես կատարեք Սուրբ գրքի արքայական օրենքը, որ ասում է. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»։ Իսկ եթե խտրություն եք դնում մարդկանց միջև, մեղք եք գործում և Օրենքի կողմից դատապարտվում եք որպես օրինազանցներ, որովհետև եթե մարդ նույնիսկ ամբողջ Օրենքը գործադրի, բայց թերանա միայն մեկ պատվիրանի կատարման մեջ, հանցավոր կլինի ամբողջ Օրենքի առաջ, քանի որ «Մի՛ սպանիր» պատվիրանը տվողը նաև պատվիրեց, թե՝ «Մի՛ շնանար»։ Եթե դու սպանություն չանես, բայց շնություն անես, հանցավոր ես Օրենքի
առաջ։


Արդ, խոսեցե՛ք և գործեցե՛ք որպես մարդիկ, որոնք դատվելու են ազատությա՛ն օրենքով, որովհետև Աստված իր դատաստանի մեջ անողորմ է լինելու այն մարդու նկատմամբ, որ ողորմած չի եղել ուրիշների հանդեպ։ Մինչդեռ ողորմած մարդու դեպքում Աստծու ողորմությունը հաղթանակելու է դատաստանի ժամանակ։


(Հակոբոս առաքյալի նամակը 2:1-13)

 

Ռուբեն վարդապետ Կարապետյան