Երանի՜ այն մարդուն, որ դիմանում է փորձությանը, որովհետև փորձությունից հաղթական դուրս եկողը որպես մրցանակ կստանա այն կյանքը, որ Տերը խոստացավ տալ իրեն սիրողներին։ Բայց փորձության մեջ եղող որևէ մեկը թող չասի, թե Աստված փորձում է իրեն, որովհետև Աստված մասնակից չէ այն փորձություններին, որոնք չարից են գալիս, ոչ էլ ինքն է փորձության ենթարկում մարդկանց։ Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ տարվելով ու խաբվելով իր իսկ ցանկություններից։ Ապա ցանկությունը հղանալով ծնունդ է տալիս մեղքին, իսկ մեղքը, երբ հասնում է իր լրումին, դառնում է մահվան պատճառ։


Հետևաբար, դուք ձեզ մի՛ խաբեք, իմ սիրելի՛ եղբայրներ։ Ընդհակառակը, միայն բարի ցանկություններն ու կատարյալ պարգևներն են գալիս երկնքից, Հայր Աստծուց, որ արարիչն է լույսի, և որի կամքն անփոփոխ է, անդառնալի ու անստվեր։ Աստված կամեցավ վերստին ծնել մեզ, որպեսզի հայտնվի իր ճշմարիտ նպատակը, որովհետև նա ուզում է, որ մենք լինենք իր նոր ստեղծագործության առաջին պտուղները։


(Հակոբոս առաքյալի նամակը 1:12-18)