Փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատար է նշանակվել գնդապետ Արարատ Մելքումյանը (Չոլկա): Այս լուրը իհարկե չէր կարող չմռմռացնել ադրբեջանական բանակի համապատասխան հատվածը, քանի որ գնդապետ Մելքումյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումների կողմից բազմիցս պատժվել են հենց ադրբեջանցի զինվորները: Այժմ էլ Մելքումյանին փորձում են ներկայացնել իբրև պարտված սպայի, ով հերթական պաշտոնն է ստանում: Պատերազմը տանուլ տված երկրի բանակի ներկայացուցիչները համակարգչի էկրանի դիմաց նստած այնպիսի հպարտությամբ ու հեգնանքով են գրում ապրիլյան մարտերի մասին, որ մի պահ սկսում ես կասկածել, արդյոք Արցախյան պատերազմը իրենք են պարտվել, թե՞ մենք: Բայց ամենահետաքրքիրը այն է, որ սրանց նաև ռազմական խորհուրդներ ու վերլուծություններ են կատարում ու չեն մոռանում ամեն բառից հետո նշել՝ «պարտված» բառը:
Անկեղծ եմ ասում՝ մենք Արցախի ազատագրումով այդքան չենք հպարտացել այսքան տարիների ընթացքում, որքան իրենք արդեն մոտ երկու տարի է հպարտանում են Լալե Թեփե բարձրունքի գրավմամբ: Իսկ գնդապետ Արարատ Մելքումյանը, ում վրա փորձում են ցեխ շպրտել ադրբեջանական բանակի անգրագետ սպաները, ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորվել է, քանի որ ապրիլի 2-ին մեկնել է hակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի կողմից գրավված ՊԲ մեկ այլ զորամասերի N112-118 մարտական դիրքերի գործողությունների շրջան:
Գնդապետ Մելքումյանի անմիջական ղեկավարությամբ, դիրքերի մատույցներում կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը` վերջինիս պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Սա է ադրբեջանցիների պատկերացրած «պարտված» բանակի գնդապետը, ով նույնիսկ հոսպիտալում մեկ օր ավել չէր ցանկանում մնար, որպեսզի վերջնական ապաքինվեր: Դե բայց իրենց էլ մեղադրելու չէ, ամբողջ կյանքում մենակ պատերազմից փախնոց գնդապետեր ու գեներալներ են տեսել, ովքեր ընկերների դիակների տակ թաքնվելով հասել են Բաքու ու մեդալներ ստացել, իրենց այլ պատեկարցում ունեն պատերազմի ու սպայի մասին: