Առհասարակ մի բան ասելու համար տրամադրությունն ու ապրումը պիտի ներսից գան:
Շնորհավորում եմ մեր բոլոր ուսուցիչներին, իսկական ուսուցիչներին, նվիրյալներին:
Սա իմ կարծիքով ամենակարևոր մասնագիտությունն է, իմ խորին համոզմամբ, զինվորականից էլ կարևոր: Ամեն օր եմ հիշում ու ամբողջ կյանքում եմ հիշելու իմ ուսուցիչներին:
Երբեք չեմ մոռանում առաջին ուսուցչիս, առաջին դասը: Այսօր էլ աչքիս առջեւ է իմ սիրելի Գրապ Հովհաննիսյանը: Երբեք չեմ մոռանա Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, ՛՛Կարմիր աստղ՛՛ շքանշանի ասպետ Վարազդատ Մովսիսյանին, ով դասավանդել էր նաև հորս ու հորեղբորս, ով միշտ իմ անունը խառնում էր հորս անվան հետ՝ ուղղակի նմանությունը տեսնելով, ով, ոչ ավելի ոչ պակաս, դեռ մեկ տարի շուտ դասարանից ուղղակի գողանում էր ու տանում աշխարհագրության խմբակ: Ոչնչով թաքցնել հնարավոր չէր, թե ինչպես է սիրում իր մասնագիտությունը ու այն, թե ինչպես էի ես սիրում աշխարհագրությունը: Այսպես կարելի է ասել. սիրում էր իմ սիրելը: Երբեք չեմ մոռանա քնարերգությանն ու բնությանը սիրահարված Մեծն Ռաֆայելյանին, ով կարող էր բոլոր դասականների գործերը անգիր ասել: Շատ լավ եմ հիշում, թե ինչպես էր արտասանելիս ընկնում տարերքի մեջ ու չնկատում, որ արտասվում է Չարենցի խոսքերն ասելիս, իսկ երբ ուշքի էր գալիս, կարծես թմբիրից դուրս գար: Մի տեսակ երկնային էր, ոչ երկրային:
Ինձ համար կյանքի իսկական ուսուցիչ էր Պսկովյան դեսանտային լեգենդար գնդում ծառայած հորեղբայրս, ով ուղղակի իմ առաջին ուսուցիչն էր կյանքիս հիմնական գործում, ու չնայած հիմա իր հետ հաճախ եմ վիճում մասնագիտական հարցերի շուրջ, նա ինձ համար ուղղակի անհասանելի վարպետ է, զինվորական, երդվյալ ասպետ: Հովհաննես Հովհաննիսյա՛ն, պարտական եմ քեզ: Շնորհավո՛ր իմ ու մեր բոլոր ուսուցիչներին, առանց ձեզ մենք ոչինչ չէինք կարող անել: Եթե այսօր ես էլ եմ ուսուցիչ, ապա նախ և առաջ ձեր դասերի արդյունքն է` գիտելիքի ու կյանքի դասերի: Եվ եթե այսօր շեղվենք, անզգույշ լինենք, ապա կվտանգենք մեր երեխաների ապագան:
Շնորհավոր ապագան կերտող մարդկանց տոնը...
Արծրուն Հովհաննիսյան