Իրանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին գնալ երկխոսության և բանակցությունների ճանապարհով: Նման հայտարարությամբ Թեհրանում լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ընթացքում հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին:
«Մենք երկու հարևաններ ունենք հյուսիսում: Ունենք Ադրբեջանը, որն իրապես կարևոր է մեզ համար, մենք լավ հարաբերություններ ենք ունեցել այդ երկրի հետ: Հայաստանի հետ էլ մենք ունենք բարեկամական և սերտ բարիդրացիական հարաբերություններ: Հակամարտությունը, նրանց տեսակետների տարբերությունները Ղարաբաղյան հարցի շուրջ արդեն երկար ժամանակ է գոյություն ունեն, և ժամանակ առ ժամանակ լարվածությունն աճում է: Մենք հուսով ենք, որ նրանք կարող են հաղթահարել այն խնդիրները, որոնց առերեսվում են այդ տարածաշրջանում»,- նշել է Բահրամ Քասեմին:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, հատկապես մեր սահմանային հատվածներում: Մենք հետևում ենք մեր սահմաններին և թույլ չենք տա, որ հակամարտությունը վնասի սահմանային տարածքների մեր բնակչությանը»,- ընդգծել է Քասեմին:
Իրանն, ինչպես միշտ հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին'շեշտելով թե շիա, մահմեդական Ադրբեջանի, թե քրիստոնյա ՀՀ–ի կարևորությունը Թեհրանի համար, ինչը ևս մեկ անգամ սառը ցնցուղ էր Ադրբեջանի քարոզչության վրա, որը փորձում է ղարաբաղյան հակամարտությանը տալ կրոնական երանգ ու մեղադրում շիա Իրանին' քրիստոնյա ՀՀ–ին աջակցելու և Երևանի հետ էներգետիկ–տրանսպորտային, ռազմավարական կարևորության ծրագրերի կյանքի կոչման համար։
Թեհրանի համար շատ վտանգավոր է ղարաբաղյան հակամարտության ապասառեցումն ու լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը, քանի որ դա հարմար առիթ կհանդիսանա արտատարածաշրջանային ուժերին'առաջին հերթին Իրանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող ԱՄՆ–ին մեծացնել իր ներկայությունը տարածաշրջանում'Իրանի սահմանների երկայնքով, բացի այդ, Թուրքիան, որպես Բաքվի ռազմավարական գործընկեր այս կամ այն կերպ կմիջամտի ղարաբաղյան հակամարտությանը'Նախիջևանում ռազմակայան տեղակայելով, Ադրբեջան'Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծով զենք, զորք, զրահատեխնիկա մատակարարելով և այլն, ինչն էլ'թյուրքական աշխարհի դիրքերի ամրապնդումը Հարավային Կովկասում, անընդունելի է Թեհրանի համար։
Ղարաբաղյան գոտում լայնամաշտաբ պատերազմը կարող է վերածվել proxy war–ի'Թուրքիայի, Իսրայելի, ԱՄՆ–ի, ՌԴ–ի, այս պարագայում Իրանին այլ ելք չի մնա'նաև Թեհրանի մասնակցությամբ։ Իրանում'հատկապես հյուսիսային ադրբեջանաբնակ, քրդաբնակ շրջաններում ուժեղ են անջատողական ձգտումներն ու Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի պարագայում'ոտքի կարող են կանգնել նաև Արաքսից այս կողմ բնակվող ադրբեջանցիները'Բաքուն դա կցանկանա իրականացնել Իսրայելի ու Թուրքիայի օգնությամբ'ՀՀ–ն Իրանից կտրելու ու «կյանքի ճանապարհի» վրա'որով Երևանը կապվում է Թեհրանի հետ, խաչ քաշելու համար։ Իսրայելի համար Իրանի կազմաքանդումն էթնիկ–կրոնական սահմաններով նույնպես ձեռնտու է'Իրանը Իսրայելի թիվ մեկ հակառակորդ է տարածաշրջանում, իսկ Թուրքիայի համար'պանթուրքիզմն ու պանիսլամիզմը Էրդողանի Թուրքիայում հասել են գագաթնակետին, Իրանի հյուսիսային շրջանների միացումը Մեծ Թուրքիային կամ Մեծ Ադրբեջանի ձևավորումը թույլ կտա դուրս գալ Միջին Ասիա և Թուրան։
ՀՀ–ի համար Իրանի տարածքային ամբողջականության պահպանումն ու չնայած Բաքվի «լոբբինգին»' Թեհրանի հավասարակշռված դիրքորոշման պահպանումը թե ՀՀ–ի հանդեպ, թե ղարաբաղյան հարցում ազգային անվտանգության և պետության կենսական շահերի տիրույթում է։