Այս վերնագիրն է կրում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որն այսօր հրապարակել է Ռեգնում տեղեկատվական գործակալությունը: Վկայակոչելով դեռևս անցած տարեվերջին մամուլում տեղ գտած մի շարք նյութեր, որոնցում այն միտքն էր արտահայտված, որ եթե Իսլամական պետության ջիհադականներին հաջողվի «ինչ-որ տեղ» Ադրբեջանում գործողություն իրականացնել, ապա իշխանությունն այն կվերագրի «հայկական դիվերսիոն խմբերին»:

 


Հոդվածագիրն այնուհետև բացահայտում է այն իրական պատճառն ու նպատակը, որոնք վերջին շրջանում Բաքու այցելելիս իրենց առջև դնում էին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն և վարչապետ Դավութօղլուն: Սիրիայի ռազմական գործողությունների ավարտի սցենարն է դա' այդ երկրում քրդական ինքնավարության ի հայտ գալու տարբերակով և իբրև Թուրքիայի հարավարևելյան վիլայեթների քաղաքացիական պատերազմի հնարավոր արդյունք'այդտեղ քրդական ինքնավարության գոտու առաջացման հնարավորությամբ:

 


Այս ամենի հետևանքով Անկարան մոտենում է երկրաքաղաքական անկման անդունդին: Ահա թե ինչու մեծ է հավանականությունը, որ Թուրքիան Բաքվին մի ինչ-որ քարտ-բլանշ է տվել, բայց ինչպիսի՞ և ո՞ւմ: Այս առնչությամբ ամերիկյան Եվրազիանեթ հրատարակությունը կարծիք է հայտնում, որ ռուսական ռմբակոծիչի խոցման պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում ծագած բարդության հետևանքով «Ադրբեջանն հայտնվել էր դիվանագիտական ծուղակում»: Նրան չհաջողվեց իրականացնել Թուրքիայի և Ռուսաստանի հաշտեցման նախաձեռնությունը, և նա «խճճվեց ռուս-թուրքական սաստկացող դիմակայության մեջ»:

 


Ռեգնում ՏԳ-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն' Ադրբեջանի իշխանական կառույցների որոշակի շրջանակներ լրջորեն դիտարկում են արտաքին քաղաքական վեկտորը Ռուսաստանի կողմը թեքելու տարբերակը' այդ երկրին առաջարկելով հանդես գալ ադրբեջանական որոշ շրջաններ ազատելու միջնորդի դերում' Ստեփանակերտը ղարաբաղյան հակամարտության կողմ ճանաչելու փոխարեն: Այժմ այդ ծրագիրը ձախողվեց: Այնուհետև Ստանիսլավ Տարասովը, հղում անելով իտալական մամուլի մի հրապարակմանը, ինչպես նաև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերի կարծիքին, գրել է, որ նրանք, ի թիվս այլ աղբյուրների, շեշտել են «բացահայտ զինված բախման» հնարավորությունը: «Եվ ի՞նչ ստացվեց դրա արդյունքում,- հարց է տալիս հոդվածագիրը և ինքն էլ պատասխանում.-Ադրբեջանը չկարողացավ արագընթաց պատերազմ վարել և, կողմերի զինվորական գերատեսչությունների հաղորդագրությունների համաձայն, ռազմաճակատի գծում դաժան մարտեր են մղվում»:

 


Ստանիսլավ Տարասովը փոխանցում է մի շարք զինվորական փորձագետների գնահատականը, որ Ադրբեջանի զինուժի գործողությունը տարերային բնույթ է ստացել: Այժմ Բաքուն կարող է հայտնվել կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրման պարտադրանքի առջև, տարածաշրջանում կարող են խաղաղարարներ հայտնվել, իսկ բանակցությանը կարող է մասնակից դառնալ Ստեփանակերտը:
«Իրատեսությունը երկրաքաղաքականության և միջազգային հարաբերությունների կարևորագույն հատկանիշն է, որից Ադրբեջանը հավանաբար վաղուց է զրկվել: Ղարաբաղյան ներկա պատերազմը կարող է դառնալ Անդրկովկասի տարածաշրջանի ուժերի նոր հարաբերակցության ձևավորման համայնապատկերի շրջադարձային պահը:

 


Առայժմ Ադրբեջանի հայրենասիրական զգացմունքները, անկասկած, վերելք են ապրում: Բայց շուտով դա կանցնի: Տնտեսական դժվարությունները և ռազմական ակնհայտ խնդիրները մարդկանց կմղեն փնտրել որոշումների այլընտրանքային տարբերակներ և առավելություն տալ այլ քաղաքական գործիչների»,-եզրափակել է Տարասովը:

 

 


Խաչատրյան Ժոռա