Ի՞նչ է տեղի ունենում վերջին երկու շաբաթում. կինը սպանում է ամուսնուն, Սևանում ծեծելով մարդ են սպանում, որից հետո սպանողի նկատմամբ վենդետա է տեղի ունենում, Վանաձորում ինչ-որ կրակոցներ, Շամիրամ գյուղում սպանություն ու կրակոցներ։
Այս ամենի մեղավորը մենք ենք, ժամանակի ընթացքում կաթիլ-կաթիլ լեգիտիմացրինք զենքն ու բռնությունը, որոշ տաքգլուխներ դատարանները համարեցին անպիտան, իսկ զենք կիրառելը՝ հերոսություն։ «Ծեծել ենք, լավ ենք արել», «Սպանել ենք, լավ ենք արել». ահա այս երկու անմեղ արտահայությունները այսօր պատուհաս են դարձել մեր գլխին։
Իշխանությունները լավը չեն, բայց զենքով մարդ սպանելուց կամ սին ֆեմինիզմի գաղափարներով տոգորված ոչ թե բարելավում ենք այս պետությունն, այլ գլորում ենք ավելի խորը փոսի մեջ։
Անցած տարվա հուլիսից առաջ և հուլիսից հետո խրոնիկոնը նայեք։
1. Երիտասարդ են սպանում, լավ ուսանողի։ Մեր մոտ սկսում են հիշել, որ սպանողն Ապրիլյան պատերազմի մասնակից է, ու պետք է նրան մեղմ վերաբերվել։
2. Կինը սպանեց, բա ճիշտ արեց, ֆեմինիզմ (ֆեմինիզմն էլ պետք է առողջ լինի), իրան ծեծում էին։ Ծեծում էին, թող ամուսնալուծվեր։
3. Վարդանիկը սուպերմարկետ թալանեց. բա Արտակ Սարգսյանինն էր, իրեն քիչ էր և այլն։
«Лихие 90-е» արտահայտությունը շատերին է ծանոթ, բայց այնտեղ ռազբորկեքը ինչ-որ գողական կամ կիսագողական կանոնակարգով էին ընթանում, հիմա դա էլ չկա։ Արդարության ու չարդարության կարմիր գիծն անցել ենք։