Վազգեն Սարգսյանի տեղը՝ ՀՀ պատմության էջերում հետաքրքիր դիսոնանս պիտի առաջացնի մտածող աշակերտի մոտ, եթե այդ պատմությունը օբյեկտիվ մատուցվի, ինչը իհարկե տեղի չի ունենա: Մի կողմից նա պաշտպանության նախարար էր, ում օրոք կորցրել էինք Արցախի կեսից ավելին, իսկ պատերազմն արդեն անցնում էր ՀՀ տարածք: Մյուս կողմից, իրեն արձաններ դնում են, իսկ, ասենք, Վազգեն Մանուկյանին դժվար դնեն: Թեպետ Մանուկյանի օրոք մենք ստացանք այն, ինչ ունենք հիմա: Լավ բան ստացանք, թե վատ, դա էական չի այս համատեքստում: Ու այո, հենց «ստացանք», ոչ թե նվաճեցինք:

 

Վազգեն Սարգսյանը արդի հայ տղամարդու էտալոնի հավաքական կերպար էր՝ Ճարտարախոս, գեղեցիկ, իմպուլսիվ. մի խոսքով՝ խարիզմատիկ: Բարոյական հաղթանակների մասին պատմող էպոսների իդեալական հերոս:

 

Պապ թագավորի արձան չկա, իսկ Վարդան Մամիկոնյանի կա: Սերժ Սարգսյանին արձան չեն դնի, իսկ Տեր Պետրոսյանին ըստ ամենայնի կդնեն: Նիկոլ Փաշինյանը կհավաքի 11 հազար ձայն, իսկ Հրանտ Բագրատյանը 300: Ու կշարունակենք ապրել՝ բարոյական հաղթանակներ հորինելով: