1992 թվականի օգոստոսի 15-ին այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հանդես եկավ մարտական կոչով:
«Հարկավոր է ևս մի արթնացում, ևս մի հարված: Ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, հնարավոր է հավաքել տասնյակ հազարներ, ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ: Այդ զորագունդը պետք է կռվի ամենավտանգավոր վայրերում, որտեղ ապրել ու մեռնելու հավանականությունը 50 տոկոսը 50 տոկոսի նկատմամբ է: Վաղը չէ մյուս օրը, յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում: Ու մենք հաղթելու ենք: Որովհետև իրականում ոչինչ չի պատահել, իրականում թշնամին նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր և մենք էլ նույն մենք ենք»:
Վազգեն Սարգսյանի կոչից հետո 372 մահապարտ երդում տվեցին ու մեկնեցին ռազմաճակատ: Այնտեղ նրանց միացան ևս 100 և ավել մահապարտ:
«Եթե ազգը չգտնի 500 նվիրյալ՝ 300 միլիոնանոց ազգ լինի, թե 5 միլիոնանոց, դատապարտված է կործանման, Փառք Աստծո, որ մեր մեջ գտնվեցին նման մարդիկ: Ադրբեջանին դա չհաջողվեց անել» ասել է Վազգեն Սարգսյանը:
Մահապարտների զորագնդից զոհվել է 96 հոգի, ծանր վիրավորում ստացել 108-ը: