«Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու»․ սա Վազգեն Սարգսյանի ամենահայտնի խոսքերից է: Այս խոսքերը հնչեցնելուց հետո Հայաստանը մտավ 21-րդ դար ու քսան տարի դիմադրեց իր դեմ հետևողական, տոտալ և անդադար գրոհներին: Դիմացավ քսան տարի և հետո փլուզվեց: Հայաստանը նորից գրավեցին նրանք, ում Վազգեն Սարգսյանը ժամանակին հեռացրել էր:
Վազգեն Սարգսյանը ստեղծագործ մարդ էր և, ինչպես բոլոր ստեղծագործողները, շատ էմոցիոնալ էր: Իր այս խոսքերը ասելիս էլ էր նա նշել, որ․ «Մենք զգայական ազգ ենք, և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս, շատ հաճախ զգայականությունն օգուտ է տալիս»: Նա ինտուիտիվ զգում էր, որ Հայաստանն ունի բոլոր նախադրյալներն իրոք 21-րդ դարը գրավելու համար, սակայն ինչպես հաճախ լինում է ստեղծագործ մարդկանց հետ, պրակտիկ դաշտում չհաշվարկեց այդ դարը գրավելու քայլերը...
Անկախ նրանից, թե ինչից են ոգեշնչված եղել Սարգսյանի խոսքերը, իր պնդման մեջ, անշուշտ, կար տրամաբանություն: Հայաստանը նորանկախ պետություն էր, որը, գտնվելով աշխարհի համար կարևորագույն խաչմերուկներից մեկում, ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը և ամենակուռ հասարակությունը: Առանց Հայաստանի դիրքորոշումը հաշվի առնելու մեր տարածաշրջանով ո՛չ նավթամուղ էր կարելի անցկացնել, ո՛չ երկաթգիծ, ոչ էլ ցանկացած այլ ենթակառուցվածք: Այս գործոնները ճիշտ շահագործելու դեպքում մեզ հետ ստիպված էին լինելու հաշվի նստել աշխարհի մեծերը: Սա զգում էր Վազգեն Սարգսյանն, ու գիտեին աշխարհի մեծերը:
Մասսայի ու էներգիայի պահպանման օրենքը ոչ միայն ֆիզիկայի հենասյունն են, այլ նաև տնտեսության և, ըստ այդմ, քաղաքականության: Եթե «դարը» սկսում է լինել ինչ-որ մեկինը, ապա այն նույն պահին պիտի դադարի լինել ինչ-որ այլ մեկինը: Դու քո «դարը» չես կարող ստեղծել, այն կարող ես միայն խլել նրա ձեռքից, ում այն պատկանում էր մինչ այդ: 1998 թվականի հոկտեմբերի 29-ին ստորագրվեց նավթամուղ կառուցելու Անկարայի հռչակագիրը, դրանից մեկ տարի անց սպանվեց Վազգեն Սարգսյանը:
Անկարայի հռչակագրի տակ ստորագրել էին Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուզբեկստանի ու Ղազախստանի նախագահները, իսկ ԱՄՆ էներգետիկայի նախարար Բիլ Ռիչարդսոնը կնքահոր դերում էր: Վազգեն Սարգսյանի սպանությունից երեք շաբաթ անց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ստամբուլյան գրասենյակում ստորագրվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կառուցելու մասին արդեն միջպետական համաձայնագիրը, համաձայնագիր, որը չէր լինի, եթե հայկական զինված ուժերը պահեին Շահումյանը կամ գոնե Վազգենին։
Դեռևս 1993 թվականին քննարկվող և 1999-ին վերջապես սկիզբ առած ծրագրով Եվրոպան սկսեց լուծել իր էներգետիկ անվտանգության խնդիրները, ԱՄՆ-ն սկսեց տարանջատել Միջին Ասիան ՌԴ-ից, տարածաշրջանային խաղացողները լուծում էին իրենց լոկալ խնդիրները: Մասնագիտությամբ ֆիզիկոս և, ըստ այդմ, վերոհիշյալ ֆիզիկայի օրենքները շատ լավ իմացող ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը դարձավ «Բրիթիշ Փեթրոլիումի» նախագահի խորհրդական, իսկ 21-րդ դարը մնաց չհայկական... Դեռ։
ՀԳ. Հավաստիացնում եմ ձեզ՝ Նիկոլը Հոկտեմբերի 27-ի գործով ոչ մի քայլ չի անի․ ուզենա էլ, չի կարա: