Չնայած դեռևս մայիսի 18-ին Վաշինգտոնի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի կողմից իրականացված նախազգուշական օդային հարվածներին, սիրիական կառավարական ուժերն ու նրանց հարող մի շարք խմբավորումներ, ստանալով նոր մարդկային ու ռազմատեխնիկական համալրումներ, շարունակում են առաջխաղացումը հարավային և հարավ-արևելյան ուղղություններով՝ դեպի սիրիա-իրաքյան և սիրիա-հորդանանյան սահմաններ: Դարձյալ հիմնական թիրախն ալ-Թանֆ սահմանային անցակետն է և շրջանում տեղակայված հակակառավարական ուժերի ռազմաբազան, որտեղ ներդրված են նաև ամերիկացի և մեծբրիտանացի հատուկջոկատայիններ: Մի շարք աղբյուրների հաղորդմամբ՝ անգամ ամերիկյան հրամանատարությունը, զգուշանալով հակամարտ կողմերի հնարավոր բախման հետևանքով նաև սեփական անձնակազմի շրջանում կորուստներից, տեղափոխել է ամերիկացի զինծառայողներին Հորդանանի տարածք:

Միևնույն ժամանակ, անցյալ հանգստյան օրերին ամերիկյան օդուժը թռուցիկներ է բաց թողել հարձակվող կողմի վրա՝ հերթական անգամ նախազգուշացնելով՝ ձեռնպահ մնալ ալ-Թանֆի ուղղությամբ շարժվելուց՝ չխախտելով առնվազն 55 կմ հեռավորության սահմանը: Հարկ է նշել, որ սիրիական կառավարամետ ուժերի՝ նշված ուղղությամբ առաջխաղացմանը դեմ է նաև ռուսական կողմը: Իսկ հարձակման հիմնական ջատագովը Իրանն է, քանի որ դրա վերջնանպատակը Թեհրան-Բաղդադ-Դամասկոս ռազմավարական ճանապարհի ամբողջական վերահսկումն ու անվտանգության ապահովումն են:

Ըստ էության, ստեղծված իրավիճակը, բացի ռազմական դրության նոր սրացման հնարավորությունից, ուշագրավ է նաև այն տեսանկյունից, որ ի ցույց է դնում ոչ միայն կառավարամետ ուժերի շրջանում առկա որոշակի տարաձայնությունների շրջանակ, այլև՝ սիրիական հիմնախնդրի քաղաքական կարգավորման հետ կապված արտասիրիական պայմանավորվածությունների ձախողման հեռանկարը՝ հավելյալ բարդություններ պարունակելով հատկապես ռուս-ամերիկյան շփումների ձևաչափում:

 

 

 

Արմեն Պետրոսյան