Վերջին օրերին քաղաքական հարթությունում կրկին լարվածություն է առաջացել Թուրքիայի և Իսրայելի միջև: Ավելի քան 6-ամյա խնդրահարույց հարաբերությունները կարգավորելուց շուրջ 10 ամիս անց երկու երկրների միջև կտրուկ սրվել է հռետորաբանությունն ամենաբարձր քաղաքական մակարդակում:
Ստամբուլում մեկնարկած «Երուսաղեմի շաբաթ» միջոցառման հանդիսավոր հատվածում Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը հերթական անգամ անդրադարձել է պաղեստինաիսրայելական հակամարտությանը և Երուսաղեմի հիմնախնդրին՝ աջակցություն հայտնելով պաղեստինյան կողմին. «Մենք աջակցում ենք Երուսաղեմի օկուպացիայի դեմ ուղղված պաղեստինյան պայքարին...Որպես մահմեդական «ումմա»(համայնք)՝ թուրքերն ավելի հաճախ պետք է այցելեն «ալ-Ակսա» մզկիթ: Երուսաղեմի օկուպացված լինելու յուրաքանչյուր օրը անարգանք է մեզ համար, իսկ միջազգային հանրությունը շարունակում է լռություն պահպանել՝ պաղեստինցիների հանդեպ իսրայելական վերաբերմունքի հետ կապված»: Թուրքիայի նախագահը նաև նշել է, թե որևէ քարի տեղաշարժն անգամ Երուսաղեմում կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, ինչպես նաև այն, որ իրենց խիստ մտահոգում է ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու խնդիրը, ինչին պետք է մեկընդմիշտ վերջ դրվի:
Էրդողանի խոսքերը լուրջ դժգոհություն են առաջացրել Իսրայելում, ինչին Թել Ավիվը պատասխանել է միաժամանակ մի քանի մակարդակներում: Նախ պարզաբանումների համար երկրի ԱԳՆ է կանչվել Իսրայելում Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմը, ում տրամադրվել է նաև իսրայելական կողմի պաշտոնական պատասխանը, որում մասնավորապես նշվել է. «Նա, ով համակարգված կերպով խախտում է մարդու իրավունքները սեփական երկրում, չպետք է խրատի տարածաշրջանի միակ ժողովրդավարական վարչակարգին: Իսրայելը լիովին ապահովում է հրեաների, մահմեդականների, քրիստոնյաների դավանանքի ազատությունը և շարունակելու է այդպես վարվել՝ չնայած հնչող անհիմն զրպարտանքներին»:
Թուրքիայի նախագահի հայտարարությանը պատասխանել է նաև Իսրայելի Նախագահ Ռ.Ռիվլինը, ով մեծբրիտանացի հոգևորականների հետ հանդիպման ընթացքում մասնավորապես նկատել է, որ չնայած Իսրայելի հասցեին հնչող մեղադրանքներին, վերջին 150 տարիների ընթացքում, անգամ Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում հրեաները մեծամասնություն են կազմել Երուսաղեմում, և իսրայելական ինքնիշխանության համաձայն՝ մենք շարունակում ենք կառուցել Երուսաղեմը՝ հրեա ժողովրդի հավերժ մայրաքաղաքը...»:
Շատ ավելի կոշտ արձագանք է հնչեցրել Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յ.Էդելշտեյնը՝ «Իսրայելի ձայնը» ռադիոյին տված հարցազրույցում հայտարարելով. «Էրդողանը եղել է թշնամի, Էրդողանն այժմ էլ մնում է թշնամի, և քանի դեռ նա կանգնած է Թուրքիայի ղեկին, հարաբերությունները չեն կարգավորվի և չեն վերադառնա 20 տարի առաջվա մակարդակին»:
Այսուհանդերձ, Էրդողանի հասցեին հնչած ամենակոշտ պատասխանի հեղինակն Իսրայելի նախկին ՆԳ նախարար, իշխող «Լիքուդ» կուսակցության ազդեցիկ անդամ և երկրի վարչապետի լուրջ հավակնություններ դրսևորող գործիչ Գիդեոն Սաարն է, ով հայտարարել է. «Թուրքիայի հետ հարաբերությունների «ոսկե ժամանակաշրջանը» չի վերադառնա: Եթե որևէ մեկը կարծում է, որ դա մեկանգամյա հայտարարություն էր, ապա սխալվում է: Էրդողանը չի դառնա Իսրայելի գործընկերը, Էրդողանը «Համասի» և «Ջաբհաթ ալ-Նուսրայի»(Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը) գործընկերն է»:
Թերևս չի կարելի չհամաձայնել Թուրքիայի նախագահի հասցեին հնչած հատկապես վերջին հայտարարության հետ, քանի որ, չնայած տարբեր երկրների հետ ունեցած խնդրահարույց, անգամ հակամարտային հարաբերությունների առերևույթ կարգավորվման ֆոնին, այնուամենայնիվ ամբոխհաճո հայտարարություններով և արկածախնդիր վարքով հայտնի Թուրքիայի ներկայիս առաջնորդն իր նման գործելաոճով մշտապես հավելյալ լարվածություն է առաջացնելու, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային տարբեր դերակատարների հետ առնվազն քաղաքական հարաբերություններում:
Արմեն Պետրոսյան