Իրանն Երևանին, Թբիլիսիին, Բաքվին առաջարկել է ստեղծել տրանսպորտային միջանցք։Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով անցնող տրանսպորտային միջանցքի ստեղծումը կնպաստի ժողովուրդների մտերմությանը: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը:
«Նման միջանցքի ստեղծմանը պետք է անպայման մասնակցեն Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը և Հայաստանը»,-ասել է իրանցի նախարարը Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո:
Իրանի այս դիրքորոշումը խոսում է այն մասին, որ Թեհրանը ցանկանում է հավասարազոր հարաբերություններ պահպանել Ադրբեջանի ու ՀՀ–ի հետ'ունենալով Սև ծով դուրս գալու դիվերսիֆիկացված ուղղություններ'«Հյուսիս–Հարավով» Հայաստանի տարածքով, ինչպես նաև Իրան–Ադրբեջան–Վրաստան–Սև ծով ուղղությամբ'հարևան Ադրբեջանի տարածքով։
Սակայն Բաքուն մտահոգված է հայ–իրանական և հայ–վրացական տրանսպորտային, էներգետիկ ընդհանուր ծրագրերով, քանի որ դա չեզոքացնում է Բաքվի'ՀՀ–ը տարածաշրջանում մեկուսացնելու տնտեսական, քաղաքական էֆեկտը։
Թբիլիսիից ու Թեհրանից շարունակ հնչում են հայտարարություններ, որ նրանք հետաքրքրված են Պարսից ծոց-Սև ծով միջանցքին նոր շունչ հաղորդելու մեջ' Հայաստանն այս պարագայում դառնում է տարանցիկ միջանցք Իրանի ու Վրաստանի համար։
Ադրբեջանի' ՀՀ-ը տարածաշրջանում մեկուսացնելու պլանները ձախողվում են։ ՀՀ-ը' Վրաստանի ու Իրանի հետ ունի քաղաքական բարձր մակարդակի համագործակցություն ու կողմերը պատրաստ են ձեռնարկել եռակողմ տնտեսական, էներգետիկ և այլ նախագծեր։ ՀՀ-ն ուղղակի պետք է ավելի մեծ ֆինանսական միջոցներ ներդնի նույն «Հյուսիս-Հարավի» կյանքի կոչման, ինչպես նաև ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծի ազատ տնտեսական գոտիներում հարևան Վրաստանի ու Իրանի ներդրումները ներգրավելու համար։
Ինչ վերաբերվում է Բաքվի հնարավոր քայլերին, ապա Ադրբեջանը կարող է ավելի բարենպաստ պայմաններ տրամադրել իրանցի բեռնափոխադրողներին, ինչպես նաև արտոնյալ պայմաններ տրամադրել իրանական ապրանքներին, որոնք կտարանցվեն Իրանից դեպի Վրաստան, ինչպես նաև Վրաստանից դեպի Իրան–Պարսից ծոց'ադրբեջանական տարածքով։
Դա կարող է արվել'հայ–իրանական տարանցման միջանցքն տնտեսական առումով ոչ շահավետ դարձնելու համար'իրանցի և վրացի բիզնեսմենները, հատկապես փոխադրողները կարող են հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանով տարանցումը կունենա լրացուցիչ ծախսեր'ենթակառուցվածքների որակի, «Հյուսիս–Հարավի» անավարտ լինելու և Սյունիքի ռելիեֆի պատճառով։
ՀՀ–ը նույնպես պետք է իրանական և վրացական փոխադրողների համար ստեղծի առավելագույն նպաստավոր պայմաններ'փոխադրման դյուրացման, ճանապարհների որակի բարձրացման համար'Ադրբեջանի հետ «տրանսպորտային» մրցակցությանը դիմակայելու համար։
Արտյոմ Բալասանով