Ադրբեջանը 3 տարով ճանապարհային հարկից և պետտուրքից ազատում է այն օտարերկրյա բեռնատար մեքենաները, որոնք բեռներ են տեղափոխելու Իրան և Թուրքիա ու հակառակ ուղղությամբ Ադրբեջանի տարածքով՝օգտագործելով այդ թվում Ադրբեջանի երկաթուղիների հզորությունները:«»
Ադրբեջանն իրականացնելով խոշոր տրանսպորտային նախագծեր՝Կարս-Թբիլիսի-Բաքու, Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթգծի շինարարությունն ու արդիականացնելով իր ճանապարհային ցանցը ցանկանում է դառնալ տրանսպորտային միջանցք՝Թուրքիայի համար դեպի Կովկաս ու Կենտրոնական Ասիա ու հակառակ ուղղությամբ, ինչպես նաև ապահովել իրանական ապրանքների արտահանումը դեպի ՌԴ ու Վրաստան, ինչպես նաև վրացական սևծովյան նավահանիստներով դեպի Ուկրաինա, Արևելյան Եվրոպայի այլ երկրներ:
Ադրբեջանը ցանկանում է իրանական կողմին շահագրգռել, որպեսզի նրանք իրենց ապրանքերը տարանցեն ոչ թե ՀՀ-ի տարածքով, այլ Ադրբեջանի՝այդ թվում օգտագործելով երեք տարվա այս հարկային արտոնությունները՝իրանական բեռնատարների, բեռնափոխադրումների հոսքերն Իրան-Հայաստան-Վրաստան ուղղությունից շեղելով դեպի Իրան-Ադրբեջան-Վրաստան(ՌԴ) ուղղություն՝հաշվի առնելով առկա երկաթգծային ցանցն ու ավարտական փուլում գտնվող Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, որն ունենալու է տարանցման զգալի հզորություններ:
ՀՀ-ը իրանական շուկա դուրս գալու, ինչպես նաև Իրանի համար դեպի սևծովյան նավահանգիստներ կարևոր, կարճ ու հարմարավետ միջանցք դառնալու համար պետք է արագացնի այդքան երկար ձգվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղի շինարարությունն, իսկ Իրան-Հայաստան երկաթգծի նախագծի մասին արդեն իսկ քիչ է խոսվում՝ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ներում հայտնվում է տեղեկություն, թե ՀՀ-ը տրանսպորտային դաշինք է ստեղծում Հունաստանի, Բուլղարիայի և Իրանի հետ՝Սև ծով-Պարսից ծոց ուղղության վրա կարևոր տարանցիկ երկիր դառնալու համար: Սակայն այդ խոսակցություններին շատ հաճախ կոնկրետ գործողություններ՝ներդրումներ ենթակառուցվածքների մեջ, շինարարության մեկնարկ չի հաջորդում, կամ այդ շինարարությունն ընթանում է արտաքին դոզավորված վարկավորման պայմաններում, ինչը զրկում է այդ կարևոր լոգիստիկ նախագծերն անհրաժեշտ դինամիկայից:
Ադրբեջանը կարծես թե ցանկանում է մեկուսացնել ՀՀ նաև իրանական ուղղության վրա՝կես միլիարդ վարկ տրամադրելով Թեհրանին խրախուսում է արագացնել երկու երկրները միավորող երկաթգծի շինարարությունն ու իրանական փոխադրողների համար ստեղծելով արտոնություններ, այդ թվում վերոնշյալ երեք տարով ազատելով տարբեր տուրքերից:
Արտյոմ Բալասանով