Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (YPG) խոսնակ Ռեդուր Խելիլը հայտնել է, որ մարտի 19-ին ռուսների հետ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Սիրիայի քրդաբնակ Աֆրինում տեղակայվելու են ռուսական զորքեր: Խալիլը նաև նշել է, որ քրդերը ռազմական պատրաստություն են անցնելու ռուսների մոտ, իսկ կայանատեղին հնարավորություն է տալու քրդերին շփումները Ռուսաստանի հետ անմիջական դարձնել:

Ի՞նչ է սա նշանակում՝


Նախ՝ Սիրիայի քրդերը շատ լավ գիտակցում են, որ տարածաշրջանում առանց գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մանակցության, հնարավոր չէ զգալի արդյունքների հասնել, Սիրիայում առավել ևս: Ուստի այդ պետությունների հետ ցանկացած համագործակցություն քրդերի պարագայում դրական ազդեցություն է ունենալու՝ հաշվի առնելով թշնամաբար տրամադրված թուրքական զինուժի առկայությունը հենց այս հատվածում:


Դեպի ալ-Ռակկա, հետագայում նաև Մանբիջ առաջ շարժվելու թուրքական զինուժի առաջխաղացումը (հատկապես փետրվարի 23-ին ալ-Բաբ քաղաքը «Իսլամական պետությունից» նվաճելուց հետո) կասեցվեց (քրդերը համաձայնվեցին դուրս գալ Մանբիջի արևմուտքում գտնվող մի շարք բնակավայրերից, որոնք անցան սիրիական կառավարական ուժերի վերահսկողության տակ): Աֆրինում ռուսական ռազմական կոնտինգենտի առկայությունը սահմանափակում է Թուրքիայի նկրտումները նաև Սիրիայի հյուսիս-արևմտյան քրդաբնակ տեղանքների նկատմամբ (մենք հիշում ենք, որ հենց թուրքական հատվածից բավական ինտենսիվ ռմբակոծություններ և հրթիռակոծություններ էին տեղի ունենում Աֆրինի ուղղությամբ):


Եվ վերջապես, սա ձեռնտու է Սիրիային, քանզի որքան իր տարածքում ներկայացված լինի դաշնակից Ռուսաստանի զինուժը, այնքան Դամասկոսի համար վերահսկելի կլինեն այն տարածքները, որտեղ սիրիական բանակային ստորաբաժանումներ չկան: