Որոշ տեղեկությունների համաձայն՝ թուրքական զինուժը պատրաստվում է մտնել Սիրիայի Իդլիբ նահանգ:
Սիրիայի հյուսիս-արևմտյան այս հատվածում նկատվում է թուրք-ռուսական համատեղ ջանքեր, որոնք տեսանելի էին ոչ միայն Աստանայի բանակցություններում, այլ նաև հենց Իդլիբ նահանգում:
Այստեղ թուրքերը լուրջ խնդրի առաջ են կանգնած:
Այդ խնդիրը Հայա Թահրիր ալ-Շամն է, կամ ալ-Կաիդա-ի սիրիական ճյուղավորումը, որը վերահսկում է Իդլիբի զգալի հատվածը և թշնամաբար է տրամադրված Թուրքիայի հանդեպ: Անկարան արդեն երկու տարի է փորձում են ջլատել Հայա Թահրիր ալ-Շամը՝ հակասություններ առաջացնելով ներսում, վերացնելով առանցքային լիդերներին, փոփոխելով որոշ առաջնորդներին, կառույցից դուրս բերելով թուրքական ազդեցության տակ գտնվող խմբավորումներին և այլն:
Օրերս ռուսների այն պնդումը, որ Հայա Թահրիր ալ-Շամ-ի առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին ռուսական օդուժի ավիահարվածներից ծանր վիրավոր է (հիմա ասում են իբր կոմայի մեջ է և այլն...) նույնպես խոսում է թուրք-ռուսական համատեղ գործողությունների մասին: Հավանաբար թուրքերն են հայտնել Հայա Թահրիր ալ-Շամ-ի առաջնորդի կոորդինատները ռուսական օդուժին: Ինչևէ, անգամ առանց ալ-Ջուլանիի (կառույցն արդեն հայտնել է, որ ալ-Ջուլանիի վիրավոր լինելու տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը), Հայա Թահրիր ալ-Շամ-ը պատրաստվում է թուրքական ինտերվենցիային դեպի Իդլիբ, և այստեղ նույնպես սպասվում են թեժ բախումներ: