Սիրիայի քրդաբնակ շրջանների ճակատագիրը հենց իրենց՝ քրդերի ձեռքում է. նրանք պետք է դասեր քաղեն անցյալից
Աֆրինի կանտոնը գրեթե ամբողջովին գրավելուց հետո թուրքական ԶՈւ-երը և նրանց հովանավորյալ սիրիական ընդդիմադիր «Ազատ բանակի» (ՍԱԲ) զինյալները բախվում են քրդական կառույցների պարտիզանական հարձակումներին: Մարտի 22-ն այդ առումով բավական կորստաբեր օր էր Աֆրինի նոր «տիրակալների համար». քրդերի հարձակման հետևանքով շարքից դուրս է եկել թուրքական ԶՈւ-ին պատկանող մեկ տանկ, սպանվել է 9 զինծառայող և ավելի քան 1 տասնյակ սիրիացի զինյալներ:
Այսուհանդերձ, կասկածից վեր է, որ արդեն իսկ և տևական ժամանակ Աֆրինը վերածվելու է Թուրքիայի ազդեցության, անուղղակի կառավարման գոտու, տրամաբանորեն նաև՝ ոչ քրդական կառավարման, հետագայում նաև ոչ քրդական զանգվածային բնակեցման շրջանի:
Սիրիական իշխանությունների տեսանկյունից նոր իրավիճակը նախկինից տարբերվում է ոչ թե սկզբունքային, այլ բովանդակային առումով: Փաստացի Դամասկոսի վերահսկողությունից դուրս գտնվող շրջանը նախկին տերերից անցնում է նոր տերերի, ում հետ, ըստ էության, պայմանավորվելը, տարաբնույթ խնդիրներ լուծելը շատ ավելի դյուրին կարող է լինել՝ հաշվի առնելով արտաքին հովանավորների միջև արդյունավետ երկխոսության մեխանիզմների առկայությունը:
Մինչդեռ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ձևավորված նոր իրողություններում առավելապես կորցնող կողմը քրդերն են, որոնք, ըստ էության, փաստացի զրկվեցին նվազագույնը՝ Աֆրինը թեկուզ մասնակիորեն կառավարելու, առավելագույնը՝ հեռանկարում շրջանում էթնիկ մեծամասնություն լինելու իրողությունից: Իսկ քրդերը նման խնդրից կարող էին նաև խուսափել, եթե ժամանակին ավելի հեռատես լինեին և ավելի ճիշտ գնահատեին սեփական հնարավորությունները: Ինչ խոսք, կասկածից վեր էր, որ Թուրքիան Աֆրինում լուծելու էր իր առջև դրած խնդիրները, և շրջանն ունենալու էր ճիշտ նույն ճակատագիրը, ինչ Սիրիայի՝ ընդդիմադիր խմբավորումների վերահսկողությանն անցած մյուս հատվածները. հարցն ընդամենը ժամանակի և ծախսված ռեսուրսների ծավալների շրջանակում էր: Բայց քրդերը կարող էին նաև խուսափել նման հանգուցալուծումից, եթե բանակցեին սիրիական կառավարության հետ և ընդունեին Դամասկոսի իշխանությունը, իսկ «ինքնապաշտպանական ջոկատները» կա՛մ վայր դնեին զենքը, կա՛մ հեռանային շրջանից, ինչը, սակայն, տեղի չունեցավ:
Իսկ առջևում Մանբիջն է, Քոբանին, ալ-Հասաքան, որտեղ ևս առկա է նույն խնդիրը, և Աֆրինի հաջողությունից ոգևորված՝ թուրքական իշխանությունները պատրաստ են գործադրել բոլոր հնարավոր մեխանիզմները՝ քուրդ «ահաբեկիչների» խնդիրը լուծելու նպատակով: Հետևաբար Սիրիայի քրդաբնակ վերոնշյալ շրջանների ապագան ևս մեծապես հենց իրենց՝ քրդերի ձեռքում է, որոնք, եթե հաշվի չառնեն առնվազն իրավիճակային առումով բավական մոտ՝ Իրաքի Քրդստանի տարածաշրջանում, ապա նաև Աֆրինում տեղ գտած գործընթացների տրամաբանությունը և չանեն համապատասխան հետևություններ, ապա քրդական էթնիկ միավորի ճակատագիրը Սիրիայում խիստ մտահոգիչ կլինի: