ԻԻՀ խորհրդարանի փոխխոսնակ Մանսուր Հաղիղաթփուրը Ադրբեջանի իշխանություններին սպառնացել է' ասելով, որ Նեթանյահուի այցի չչեղարկման դեպքում թանկ գին են վճարելու այդ այցի դիմաց:
«Elpress» լրատվականին տված հարցազրույցում ԻԻՀ խորհրդարանի փոխխոսնակը, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի' առաջիկայում Ադրբեջան սպասվող այցին, արտահայտել է բացառիկ հետաքրքիր մտքեր: Մասնավորապես ասել է. «ԱՀ կառավարությունը, որ իրեն ներկայացնում է որպես մեր բարեկամ և ընկեր, գործնականում տնտեսական, ռազմական և քաղաքական դաշինքի մեջ է մտել սիոնիստական ռեժիմի հետ և իրականացնում է այդ դաշինքի պայմանները:»
Հաղիղաթփուրը, ԱՀ իշխանություններին կոչ անելով ուշքի գալ, ասել է. «Եթե ԱՀ իշխանավորները չհրաժարվեն իրենց այս վարքագծից, տարածքի բնակիչները մի օր ոտքի են կանգնելու այդ իշխանության դեմ, և հենց այդ մարդիկ են ստիպելու Ադրբեջանի կառավարությանը փոշմանելու և զղջալու իրենց արածների համար»։
ԻԻՀ խորհրդարանի փոխխոսնակը նաև ասել է. «Պաղեստինը զավթած ռեժիմը, իր տրամադրության տակ վերցնելով Ադրբեջանի առևտրային, տնտեսական և գյուղատնտեսական կենտրոնները, նաև ռազմական հենակետերը, ցանկանում է ավելի մոտենալ Իրանի սահմաններին: Մեզ համար բացարձակապես անընդունելի է Իսրայելի ներկայության ընդլայնումը Ադրբեջանում և մեր սահմանների մոտ, և Ադրբեջանը պետք է պատասխան տա այդ ամենի համար»։
Անդրադառնելով 2014թ.-ին ԱՀ տարածքից Իրանի դեմ Իսրայելի իրականացրած լրտեսական գործողողություններին' Հաղիղաթփուրը ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանություններն այնքան անկամք են և Իսրայելին հնազանդ, որ թույլ են տալիս իրենց տարածքը օգտագործվի բարեկամ երկրի դեմ լրտեսության համար:
ԻԻՀ խորհրդարանի խոսնակը նաև հավելել է. «Իմ կարծիքով՝ Նեթանյահուի ներկայությունը Ադրբեջանում շատ ծանր է նստելու այդ երկրի իշխանությունների վրա: Ուստի ԱՀ քաղաքական պատասխանատուներին խորհուրդ եմ տալիս ուշքի գալ և խնդրին լավ լուծում տալ: Իսրայելի հետ ԱՀ բացահայտ բարեկամական հարաբերությունները չեն կարող անհետևանք մնալ ԻԻՀ - Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների տեսանկյունից»:
Մանսուր Հաղիղաթփուրն իր խոսքի վերջում կոչ է արել Ադրբեջանի շիայադավան բնակչությանը դուրս գալ փողոցներ և թույլ չտալ Նեթանյահուին քայլել Ադրբեջանի փողոցներով:
Արտյոմ Տոնոյան