Լուկաշենկոն որոշում կայացրեց Ադրբեջանի իշխանություններին հանձնել բլոգեր Լապշինին. Մեզ հարկավոր է հիմա այս ամենից ռացիոնալ հետևություններ անել և կիրառական քայլեր ձեռնարկել Լապշինի ազատարձակման համար. Հայտնի բլոգերի ազատարձակման հարցը կարևորագույն նշանակություն է ստացել այն առումով, որ այս միջադեպը կարող է դառնալ նախադեպային' այսուհետ Արցախ օտարերկրացիների այցելությունների համար. Ասել է թե Ադրբեջան Լապշինի տեղափոխմանն անմիջապես կհետևի Լապշինի գործի հետ կապված Բաքվի քարոզչական արշավը, ինչը բացասական ազդեցություն կունենա Արցախ օտարազգիների այցելությունների հարցում. Սրանով Ալիևն իր առջև խնդիր է դրել մեկուսացնել Արցախն ու արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը միջազգային հարաբերություններից' դրանով իսկ էլ ավելի անկաշկանդ ու ագրեսիվ դիրքորոշում որդեգրելու համար.


Հիմա առավել հանգամանորեն անդրադառնանք մեր հնարավոր քայլերին, որոնք կարող են հանգեցնել Լապշինի ազատարձակմանը.


1. Լապշինի գործն անհրաժեշտ է անմիջապես ներառել հայ-բելառուսական երկկողմ քաղաքական հարաբերությունների օրակարգում, մշակել ու վերհանել հարցի դրական կարգավորման համար անհրաժեշտ առկա ռեսուրսներ ու ազդեցության մեխանիզմներ.


2. Բլոգեր Լապշինի գործն իսկզբանե ունի միջազգային նշանակություն, քանի որ վերաբերում է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններին, այլև խնդրում բախվում են Բելառուսի ու Ռուսաստանի շահերը. Դրան հավելենք նաև այն, որ Լապշինն ունի Իսրայելի քաղաքացիություն. Այս տեսանկյունից Լապշինի գործը անհրաժեշտաբար հարկավոր է բարձրացնել յուրաքանչյուր միջազգային կամ տարածաշրջանային նշանակության պաշտոնական հանդիպումներին, հասարակական-քաղաքական խոշոր միջոցառումներին. Առանձնակի կարևորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը' բերելով հիմնահարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա հանդիպման օրակարգ.


3. Լապշինի գործը քաղաքական առումով տեղավորվում է ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ՀԱՊԿ ձևաչափերում, որտեղ անդամակցում են տվյալ խնդրի հետ կապված երեք պետություններ' Հայաստանը, ՌԴ-ն ու Բելառուսը. Ուստի տրամաբանական է ու միաժամանակ անհետաձգելի, որ հայկական կողմը Լապշինի ազատարձակման հարցը բերի ԵԱՏՄ և ՀԱՊԿ ձևաչափ. Ճիշտ է' կարող է տրամաբանորեն հարց առաջանալ առ այն, որ ԵԱՏՄ-ն, մասամբ նաև ՀԱՊԿ-ն ունեն այլ գործառույթներ, և Լապշինի գործն էական առնչություն չունի նշյալ կառույցների հիմնական գործառույթների հետ. Սակայն մյուս կողմից հստակ է նաև այն, որ նույն Ադրբեջանը չլինելով ՀԱՊԿ անդամ-պետություն, մեկ անգամ չէ փորձել միջամտել կազմակերպության ներքին խնդիրներին, հիշենք միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հայաստանյան ներկայացուցչի նշանակման շուրջ ծավալված աղմուկը. Ավելին, ԵԱՏՄ և ՀԱՊԿ-ի անդամ- պետություններից նույն Բելառուսը կամ Ղազախստանը փորձեր կատարել են կազմակերպության ներքին հարցերը կարգավորել քաղաքական տարբեր հարթություններում' կազմակերպությանը չանդամակցող այլ երկրների շահերը առաջ մղելով. Խոսքը այստեղ այն մասին է, որ Լապշինի ազատարձակման հարցը հայկական կողմը քազաքական եւ տնտեսական տարբեր լծակների բանեցմամբ հնարավորինս պայմանավորի ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ-պետությունների փոխհարաբերությունները.


4. Բլոգերի ազատարձակման հարցում համընկնում են նախևառաջ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը, ուստի երկկողմ հարաբերություններում առկա են բավարար ռեսուրսներ հարցին դրական ընթացք ու վերջնական լուծում տալու համար. Այստեղ կարևորագույն նշանակություն ունի այն, որ հայկական կողմը կարողանա ռուս գործընկերների հետ տանել հետևողական թիրախային աշխատանք.


5. Լապշինի գործն ուղղակիորեն տեղավորվում է հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների համատեքստում. Եվ այս գործում հաճախ հանդիպող փորձագիտական տեսակետներից մեկն այն է, որ խնդիրը պետք է լուծենք հենց այս ձևաչափի շրջանակներում. Այս առումով տարբերակներից մեկը հայկական կողմին Լապշինի հանձնումն է նախորդ տարվա դեկտեմբերին Չինարիի ուղղությամբ ադրբեջանական ներթափանցման հետևանքով մեր տարածքում մնացած ադրբեջանցի դիվերսանտի դիակի փոխանակման դիմաց. Իհարկե, սա առաջին հայացքից այնքան էլ իրատեսական սցենար չէ, սակայն ցանկացած ոչ այնքան իրատեսական սցենար իր մեջ ենթադրում է որոշակի իրատեսություն, եթե կատարվում են հստակ կիրառական քայլեր տեսական նպատակը կյանքի կոչելու համար. Ինչպես ասում են, ավելի լավ է ունենալ ցանկացած սցենար' ընդհուպ մինչև ամենապեսիմիստականը, քան առհասարակ չունենալ սցենար

 

Կարեն Վերանյան