Իսլամական համացանցային տիրույթում շատ են շրջանառվում ուղերձներ և լուսանկարներ, որոնք վերաբերում են Ադրբեջանին:
Մասնավորապես շրջանառվող լուսանկարներից մեկը ստորև ներկայացվածն է, որտեղ Ադրբեջանն ամբողջությամբ պատված է «Իսլամական պետության» սև գույնով և լոգոյով, իսկ կողքին պատկերված է հայտնի չեչեն հրամանատար Աբու Ումար աշ-Շիշանին:
Վերջին շրջանում շատ ենք հանդիպում հենց Ադրբեջանի վերաբերյալ ուղերձներ և հայտարարություններ, իսկ իսլամական համացանցային ռեսուրսներում շրջանառվում են նաև ադրբեջանական թեմատիկայով լուսանկարներ: Ասվածի վառ օրինակը մի քանի ամիս առաջ ֆեյսբուքյան տիրույթում ակտիվ գործող «Арран аль-Исламийя» ադրբեջանցի իսլամականների համար բացված էջն էր (այս պահին այն չի գործում, հավանաբար արգելափակված է ադրբեջանական իշխանությունների կողմից), որի գլխավոր լուսանկարում նորից «Իսլամական պետության» սև գույնով պատված Ադրբեջանն էր, իսկ էջն ամենօրյա ռեժիմով թարմացվող տեղեկություններ էր հաղորդում ադրբեջանցի իսլամականների, Ադրբեջանում տիրող իրավիճակի ու ջիհադական պայքարի մասին:
Ինչ վերաբերում է ստորև ներկայացված լուսանկարին, այն իսկապես յուրահատուկ է:
Նախ այն պատճառով, որ Ադրբեջանն ամբողջությամբ ներկայացվում է «Իսլամական պետության» խորհրդանշանով' սև դրոշով: Սա նշանակում է, որ կան իսլամականներ, որոնք Ադրբեջանը տեսնում են «Իսլամական պետության» կազմում: Սա իր հերթին նշանակում է, որ ադրբեջանցի իսլամականներ կան ոչ միայն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռազգործողություններում, այլև նրանք բավական ակտիվ են հենց Ադրբեջանում: Վերջիններս իրենց համարում են «Իսլամական պետության» զինյալներ, որոնք պատրաստ են զոհվել նաև Ադրբեջանում իսլամական խալիֆայություն ստեղծելու համար:
Բացի դա, ադրբեջանցի իսլամականներից շատերը իրենց առաջնորդ ընդունում են հայտնի չեչեն հրամանատար, Սիրիայում և Իրաքում ընթացող ջիհադական պայքարում աչքի ընկած Աբու Ումար աշ-Շիշանիին: Նա արդեն երիտասարդ տարիքից (աշ-Շիշանին 30 տարեկան է, ծագումով Վրաստանի Բիրկիանի գյուղից) շատ հայտնի դարձավ Սիրիայում և Իրաքում վարվող ջիհադական պայքարում և մեծ հեղինակություն ձեռք բերեց իսլամականների շրջանում' վերածվելով յուրահատուկ մի չափանիշի, որին ձգտում են ոչ միայն կովկասցի, այդ թվում ադրբեջանցի իսլամականները, այլև աշխարհի այլ հատվածներում բնակվող երիտասարդ ջիհադականները:
Սարգիս Գրիգորյան