Հունիսի 10-ին Ֆրանսիայում մեկնարկում է Ֆուտբոլի Եվրոպայի հերթական առաջնությունը. 1 ամիս շարունակ այս երկիրը գտնվելու է ոչ միայն միլիոնավոր մարզասերների ուշադրության կենտրոնում ամբողջ աշխարհում, այլև՝ տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ իրենք են այցելելու Ֆրանսիա՝ անմիջականորեն ականատես լիելու տարվա կարևորագույն ֆուտբոլային միջոցառմանը:
Այս համատեքստում, EURO-2016-ի կազմակերպումն ու անցկացումը ոչ միայն մեծ պատասխանատվություն է ֆրանսիական իշխանությունների համար մարզական տեսանկյունից, այլև լրջագույն ջանքեր է պահանջելու անվտանգության ապահովման առումով: Խնդիրը հատկապես առավել խրթին է ինչպես ամբողջ աշխարհում արձանագրված գլոբալ ահաբեկչության սպառնալիքի աննախադեպ բարձր մակարդակի պայմաններում, այնպես էլ, հատկապես՝ Մերձավոր Արևելքում վերջին մի քանի ամիսներին ծավալվող գործընթացներով պայմանավորված: Բանն այն է, որ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող պայքարը, որը կառույցի հռչակումից հետո՝ անցյալ 2 տարիների կտրվածքով, ներկայում հասել է իր գագաթնակետին և էական կորուստներ է հասցնում ահաբեկչական կառույցին, նաև հարկադրում է վերջինին գնալ հակառակորդների դեմ պատասխան գործողությունների, ինչն ԻՊ-ն իրականացնում է հատկապես տեղային ահաբեկչական հարձակումների միջոցով: Հենց այս տրամաբանության շրջանակում, առնվազն անցյալ կես տարվա կտրվածքով տասնյակ ահաբեկչական հարձակումներ են իրականացվել Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում, Եմենում, Թուրքիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում և այլուր, իսկ մի քանի անգամ ավելի թվով գործողություններ էլ հաջողվել է կանխել նախապատրաստման փուլում:
Այսպիսով, կասկածից վեր է, որ համաեվրոպական ֆոտբոլային մրցաշարը բոլոր հնարավոր եղանակներով խափանելուն միտված, հոգեբանական և քարոզչական լայն արձագանք խոստացող տարաբնույթ գործողությունները ոչ միայն սեփական հեղինակության օրեցօր անկում արձանագրող ԻՊ-ի գործիքակազմում են, այլև՝ անցած մի քանի տարիներին վերջինի գործունեության հետևանքով որոշակիորեն «ջիհադական պայքարի» լուսանցքում հայտնված նրա մրցակիցների՝ այլ ահաբեկչական կառույցների, մասնավորապես՝ «Ալ-Կաիդայի»՝ իր տարբեր ճյուղավորումներով, «Տալիբանի» և այլն:
Վերոնշյալի համատեքստում՝ Ֆրանսիայում հնարավոր ահաբեկչական հարձակումների սպառնակլիքների մասին արդեն իսկ բազմիցս ահազանգել են մի շարք երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի հատուկ ծառայությունները՝ կոչ անելով սեփական քաղաքացիներին պահպանել ծայրաստիճան զգոնություն ֆուտբոլային մրցաշարի ողջ ընթացքում:
Իրենց հերթին, խնդրի լրջությունը լիովին պատկերացնում են նաև ֆրանսիական իշխանությունները: Ահաբեկչական հնարավոր սպառնալիքի մասին օրերս բարձրաձայնել է նաև Ֆրանսիայի ներքին հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Պատրիկ Կալվարը, ով խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովում հանդիպման ընթացքում նշել է, որ հատկապես ԻՊ-ի գաղափարակիցների կողմից հարձակումները հնարավոր են ոչ միայն մահապարտ ահաբեկիչների մասնակցույթամբ, այլև՝ առավելապես մարդաշատ վայրերում տեղադրված պայթուցիկ սարքավորումների միջոցով:
Ավելին, ֆրանսիական հատուկ ծառայություններին արդենիսկ հաջողվել է պարզել ԻՊ-ի կողմից նախապես ծրագրված աննախադեպ խոշորամասշտաբ ահաբեկչական գործողության նախապատրաստման մասին, որը տեղի էր ունենալու հունիսի 11-ին Մարսելում՝ Անգլիա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման ընթացքում՝ մահապարտ ահաբեկիչների, Калашников տեսակի ինքնաձիգների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Իսկ ավելի վաղ, Ուկրաինայից դեպի Ֆրանսիա պատկառելի քանակությամբ սպառազինության տեղափոխման փորձ են կանխել ուկրաինական հատուկ ծառայությունները:
Ինչևիցե, արդեն հաշված րոպեներ անց Ֆրանսիայում մեկնարկելու է Ֆուտբոլի Եվրոպայի բոլոր առաջնություններից, վստահաբար, ամենաինտրիգայինը՝ և ոչ միայն սպորտային տեսանկյունից, այլև՝ անվտանգային: Ի վերջո, Ֆրանսիական իշխանությունների համար նաև հեղինակության և պատվի հարց է՝ առավելագույն պատասխանատվությամբ և աչալրջությամբ տարվա խոշորագույն ֆուտբոլային մրցաշարի հավուր պատշաճի անցկացման ապահովումը՝ հատկապես 2015 թ. հունվար և նոյեմբեր ամիսներին իրականացված փարիզյան ահաբեկչական հարձակումներից հետո, որոնց զոհ գնաց շուրջ 150 մարդ:
Արմեն Պետրոսյան