Որևէ կասկած չկա, որ Բաքվի բռնապետի վարչակարգը խիստ անհանգստացած է հայ-իրանական վերընթաց կորագծով զարգացող հարաբերությունների էլ ավելի սերտացումից: Մասնավորապես նման անհանգստության ակնհայտ ցուցիչ էր Հայաստանի արգործնախարարի Թեհրան կատարելիք այցից առաջ Բաքվի լրատվամիջոցների կողմից տեղի Իրանի դեսպանին վերագրված այն սուտը, ըստ որի՝ Արցախյան հիմնախնդրում այս երկիրը իբր պաշտպանում է Ադրբեջանին:

 


Ուշագրավ էր սակայն նշված ապատեղեկատվության հերքումը Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության տարածած պաշտոնական հայտարարության միջոցով՝ հանգամանք, որը դատելով ադրբեջանական խուճապային արձագանքից, բոլորովին անսպասելի էր իրանցի զանազան պաշտոնյաներին «նախանձելի» պարբերականությամբ ապատեղեկատվական բնույթի «ադրբեջանամետ» խոսքեր վերագրելը փաստացի կենսակերպ դարձրած Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի համար:

 


Մյուս կողմից՝ հենց Երևանում Իրանի դեսպանության նման, ըստ էության, աննախադեպ հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հայ-իրանական հարաբերությունները չափազանց մեծ կարևորություն ունեն ոչ միայն Երևանի, այլ նաև Թեհրանի աշխարհաքաղաքական շահերի ուղեծրում, հետևաբար դրանց խաթարմանն ուղղված ցանկացած թշնամական ապատեղեկատվություն կամ գործողություն ուղղակի դատապարտված է տապալման Հայաստանի և Իրանի համատեղ ջանքերով:

 

Վարդան Ոսկանյան