Ներկայացնենք մի բացառիկ պատմական նմուշ. Հայաստանի Հանրապետության առաջին պետական շքանշանը՝ «Հայրենիքին արած ծառայությունների համար», որը թողարկվել էր պետական սուղ միջոցներով 1919-ի մայիսի 28-ի Հայաստանի անկախության տարեդարձի տոնին՝ անկախ և միացյալ Հայաստանի ակտը հայտարարելու կապացությամբ: Շքանշանի դիմային մասում պատկերված է Արարատ սարը և գրություն՝ «Հայաստանի Հանրապետություն, 28 ՄԱՅԻՍ 1918», իսկ դարձերեսի խորհրդանշական գրությունն է՝ «Սև Ծով - Միջերկրական - Սևանա Լիճ»:




Այս առաջին հայկական պարգևի սահմանաման մասին որոշումը ընդունել է Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը 1919 թ. մայիսի 26-ին: Համաձայն որոշման՝ շքանշանի ստեղծման համար նախատեսվել է 20 հազար ռուբլի։ Իսկ ահա 1920-ի հուլիսի 2-ին կառավարությունը հաստատել է արդեն «Վարդան Զորավար»՝ առաջին հայկական ռազմական շքանշան սահմանելու մասին որոշումը։ Հետաքրքրական է, որ զեկույցում ներկայացված են եղել Հակոբ Կոջոյանի կողմից պատրաստված էսկիզները, իսկ ընդունող հանձնաժողովի նախագահողն էր Ալեքսանդր Թամանյանը, սակայն շքանշանների էսկիզները, ցավոք, չեն պահպանվել։


Ռուբեն Շուխյան