Հայաստանի ինքնիշխանության կորստի առումով առաջին կապիտուլյացիոն ակտը ընդունվել է 1995 թվականին՝ Սահմանադրության տեսքով, որը գրվել էր ամերիկյան խորհրդականների օգնությամբ։ Հայաստանի գաղութային կարգավիճակը դրվեց այն ժամանակ մի շարք հոդվածներով։
Քչերը գիտեն, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների միջոցով Արևմուտքը փորձ արեց խփել Հայաստանի ինքնիշխանության դագաղի վերջին մեխը։ Փորձ արվեց Սահմանադրության մեջ մտցնել Հայաստանի ինքնիշխանության համար մի քանի ծանր և մեկ ծանրագույն հոդված։
Որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծանրագույն հոդված էր, ասեմ, որ գրեթե նույն հոդվածն էր, ինչը մտցվել էր Ավստրիայի և Գերմանիայի սահմանադրոյթյունների մեջ առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ որպես պարտված երկրներ և ավելի ծանր ձևով Գերմանիայի սահմանադրության մեջ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Գերմանիայի ինքնիշխանությունը զրոյացնելու նպատակով։
2015 թվականին մի քանի ծանր հոդվածներ հաջողվեց մեղմել, իսկ ՀՀ ինքնիշխանությանը մահացու հարված հասցնող ամենածանր հոդվածը ընդանրապես ջնջվեց Սահմանադրության փոփոխությունների նախագծից։ Թե ինչպես դա առանց աղմուկի, լուռ աշխատանքով արեցինք, միգուցե ապագայում կբացեմ։
2017 թվականին, ցավոք սրտի, նույնը չհաջողվեց անել ՀՀ գաղութային կարգավիճակը էլ ավելի խորացնող ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ձախողելու ուղղությամբ։
Վերևում Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար մեր պայքարի մի քանի դրվագներից են։ Սակայն այսօրվա իրականության գնահատականը, սթափ ու սառը հաշվարկները ստիպում են փոխել մոտեցումները։
Հայաստանի նկատմամբ 2018-ից սկսած անգլոամերիկյան պատժիչ օպերացիայից, վերջնական օկուպացիայից, Հայաստանը վերջնականապես Թուրքիայի կուրացիայի տակ հանձնելու օպերացիայից և այդ լծից ինքնուրույն ազատվելու մեր անզորության փաստը արձանագրելուց հետո, Հայաստանից մեր ժողովրդի տեղահան չլինելու, եղածը պահպանելու, թուրքական վիլաեթ չդառնալու, արժանապատվությունը չկորցնելու և հայ մնալու միակ ճանապարհը տեսնում եմ Ռուսաստանի կամ մյութենական պետության կազմ մտնելը, կախված, թե որ տարբերակին կգանք Ռուսաստանի հետ քննարկումների արդյունքում։ Դա մեզ հնարավորություն կտա պահպանել մեր ազգային ինքնությունը և պաշտպանված լինել Ռուսաստանի ատոմային անձրևանոցի տակ, այնպես, ինչպես ապրում են ազգային հանրապետությունները Ռուսաստանի կազմում։