Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ներկայացրել է Ադրբեջանական Հանրապետության մի շարք պաշտոնյաների անուններ, որոնք ունեն հայկական արմատներ կամ հայ կին, և ըստ լրատվամիջոցի' վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար:
Ցուցակը գլխավորում է երկրի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Ներկայացվում է, որ հայ է ոչ միայն վերջինիս մայրը, այլ հայ են նաև նրա կինը և հարսը: Հոդվածում նշվում է, որ այս պաշտոնյան ասել է, որ իր համար ամենաատելի լեզուն ադրբեջաներենն է: Ըստ հոդվածագրի' եթե երկրի վարչապետը այդչափ «հարգում է» սեփական լեզուն և դրանով հանդերձ այս պահին «զավթված է» Ադրբեջանի միայն 20%-ը, պետք է շնորհակալ լինել աստծուն:
Ցուցակում հայտնված հաջորդ պաշտոնյան ԱՀ վարչապետի' փախստականնների և տեղահանվածների հարցերով օգնական Ալի Հասանովն է, որն անունն ու ազգանունը փոխած հայ է: Նշվում է, որ նա ևս երկրում կատարում է «հայանպաստ» առաքելություն' ամեն տեսակ ճնշումների ենթարկելով փախստականներին և ուտելով նրանց գումարները:
Ըստ հոդվածում բերվող տեղեկությունների' հայ է նաև Ադրբեջանի կապի և տրանսպորտի փոխնախարարի' Ջավիդ Գուրբանովի տատը (մայրական կողմի), և երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում նման բարձր պաշտոնի վստահումը հային վտանգավոր է:
Այսօր հայերի ձեռքում է նաև երկրի էներգետիկայի ոլորտը' ըստ հրապարակված հոդվածի, քանի «Azərenerji» ընկերության նախագահի' Էթիբար Փիրվերդիևի կինը հայ է, և Փիրվերդիևը լուրջ կապեր ունի հայկական կողմի հետ:
Արտյոմ Տոնոյան