Համաձայն ենք պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը, որը չափազանց հստակ բնորոշում տվեց հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա. Ս. Գրիբոյեդովի արձանի դեմ այս տգեղ արարքին: Այս մասին նշված է Ա. Ս. Գրիբոյեդովի արձանի պղծման վերաբերյալ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մեկնաբանության մեջ:
«Կարծում ենք, որ հայ հանրության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի եւ Հայաստանի եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք պատմական խոր արմատներ ունեն»,- նշված է մեկնաբանության մեջ:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի լուսանկարը, որտեղ երեւում է՝ արձանի վրա կարմիր ներկ է լցված։ Նա լուսանկարին կից արել էր նաեւ գրառում։ «Ուշադրություն։ Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։
Շահեն Հարությունյանի արարքը հարուցել է համացանցի հայկական հատվածի վրդովմունքը:
Նշենք, որ միջադեպից 2 ժամ անց Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը մաքրվել է: