<<Հային, որը կռվացրել է Թուրքիային Իսրայելի հետ, նետել են հակաադրբեջանական ճակատ- ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ>> հավակնոտ վերնագրով հոդված է գրել Day.Az կայքի լրագրող Զուլֆիգար Իբրահիմովը:
Վերլուծելով Washington Post թերթում Արցախ այցելած Դեվիդ Իգնատիուսի հայանպաստ հոդվածը՝ ադրբեջանցին պեղել է ինչ-ինչ հիմքեր և իր <<հետաքննությամբ>> ապացուցում է, որ նա այդպիսի հայանպաստ հոդված է գրել, որովհետև հայկական արմատներ ունի: Ադրբեջանցիները հայկական արմատներ <<հայտնաբերեցին>> Ամալ Քլունու մոտ, հիմա էլ Washington Post-ի լրագրողը…Սա արդեն զուտ թուրքական ֆենոմեն է ամեն ինչում, ամենուրեք և ամենքի մոտ հայկական արմատներ կամ հայկական ձեռագիր տեսնել…
Իր <<հետաքննությամբ>> սույն ադրբեջանցին եզրակացնում է, որ Իգնատիուսը հայկական արմատներ ունի և նա է փչացրել Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները 2009 թվականին: Նա է եղել Էրդողանի և Պերեսի այն հայտնի պատմական բանավեճի մոդերատորը, որից հետո Թուրքիայի նախագահը լքեց Դավոսը: Հայ-Իգնատիուսը ամեն ինչ արեց, որ հասնի դրան և այն փաստորեն նրան հաջողվեց:
Հիմա էլ հայ-Իգնատիուսը ճանապարհորդել է հայերի կողմից գրավված Ադրբեջանի տարածքներով և գրել <<Ստեփանակերտ: Ղարաբաղ>> հոդվածը, դրանով իսկ ընթերցողին փաստի առաջ կանգնացնելով՝ ճանաչել այդ անջատողական հանցագործ կազմավորումը, որպես ինչ-որ պետական միավորի, առանց նողկանքի Ադրբեջանին մեղադրելով սահմանային լարվածության համար:
Դե ինչ, ադրբեջանցի թուրքի տրամաբանությամբ երևի խնդրենք Իգնատիուսին շատ արագ կամ ինչպես հիմա հայերն են ասում՝ արագի մեջ, կռվացնի Օբամային՝ Էրդողանի հետ, Պուտինին ու Ալիևին, մի խոսքով բոլորին խառնի իրար՝ ռուսներին, հրեաներին, թուրքերին և թուրքալեզու ցեղախմբերին…
Մի խոսքով, հարգելի Դեվիդ Իգնատիուս փչացրու դրանց հարաբերությունները, խառնիր դրանց, նրանք հավատում են քո ամենազորությանը, քո մեծ կարողություններին, ապացուցիր որ հայ ես, եթե նույնիսկ հայ չես…
Ռոբերտ Մելքոնյան