Կառավարությունը սահմանել է ՀՀ-ից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները: Այն դեպքերում, երբ Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհնար կլինի բուժում իրականացնել, զինծառայողների բուժումը կկազմակերպվի օտարերկրյա պետություններում:
Նախատեսվում է, որ առողջապահության նախարարը՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Առողջապահության նախարարության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, ԱԱԾ-ի բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումների, ինչպես նաև դրանց ենթակայության տակ գտնվող բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներից պետք է ստեղծի Հայաստանի տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման անհնարինության և զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողով:
Պետք է նկատել, որ Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի ֆինսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառարավարության պահուստային ֆոնդից: Սահմանվել է, որ բուժման գումարը զինծառայողի համար ներառում է' օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման, ներառյալ' հետվերականգնողական բուժման, ինչպես նաև դեղերի հետ կապված ծախսերը' տվյալ բժշկական կազմակերպության գրավոր տեղեկատվության հիման վրա: Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է' օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը: Կեցության գումարը զինծառայողի համար ներառում է' հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը:
Սեդա Ադամյան