Պաթոսն անցավ, եկավ «спрос» անելու ժամանակը
Ինչպես նախորդ գրառումներիցս մեկում նշել էի, պատերազմը քննություն է պետության համար, որը նա պետք է անցնի: Այս պահին դեռևս բարդ է միանշանակ կարծիք հայտնել, թե մենք անցել ենք, այդ քննությունը, թե՝ ոչ: Հատկապես նաև, եթե պատերազմը դեռ չի էլ ավարտվել: Իհարկե ԶԻՆՎՈՐ-ն իր խնդիրը լուծել է: Հարցը այստեղ դրա համար հատկապես նրա ու մեր կողմից վճարված գինն է:
Հիմա հրադադար է, ուստի հնարավորություն կա հասկանալու, թե ինչ վիճակում ենք ու ենթադրություններ անել, թե մեզ ինչ է սպասում: Նախ ֆիքսենք, թե ինչ ունենք.
- ունենք հակառակորդի «բլից - կրիգ»-ի փորձ, որին 18-20 շարքայինների, սերժանտական ու սպայական կազմի մակարդակում տրվել է համարժեք պատասխան, հակահարվածի հեռանկարով,
- ունենք հակառակորդի կողմից հրադադար հաստատելու հայտ ուղղված ՌԴ-ին, որը երկկողմանի ճնշումների արդյունքում հաստատվել է,
- շփման գոտում ունենք 500 ք.մ. տարածք (որի մի փոքր հատվածն արդեն մեր վերահսկողության տակ է), որը գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո,
- ունենք անխուսափելի մարդկային կորուստներ, խոցված զինտեխնիկա, որոնք իհարկե անհամեմատելի են հակառակորդի կորուստների հետ. բայց դե կորուստը կորուստ է,
-ունենք համազգային կամքի ու աջակցության, «դուխ»-ի ու ոգեղենության անսպասելի ու աննախադեպ աճ,
-ունենք ռեգիոնալ/գլոբալ երկրների (այդ թվում ՌԴ-ի կողմից) շատ զուսպ ու մեր հանրային ընկալման տեսանկյունից անհամարժեք արձագանք,
-ունենք ներքաղաքական կոնսոլիդացման հրապարակային միտում, որի ամենավառ դրսևորումը ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի ու ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հանդիպումն էր:
Իրավիճակի արձանագրումը հանգեցնում է մեկ միջանկյալ հետևության. պատերազմի ակտիվ փուլում հրադադար է, մենք ձախողել են հակառակորդի առաջխաղացումն ու հակահարվածի նախապատրաստվելիս մեզ կանգնեցրել են:
Այսօր «պատերազմը» դեռևս շարունակվելու է դիվանագիտական/քաղաքական հարթակներում: Ի դեպ, երբեմն դա ավելի բարդ է: Առաջիկայում մենք այցեր ենք ունենալու Մոսկվա: Այնտեղ քննարկման ենթակա տնտեսական հարցադրումներն իրենց տեղը հավանաբար կզիջեն ԼՂ խնդրի շուրջ կարծիքների փոխանակմանը: Օրակարգի կարևոր հարց կդառնա նաև ՀՀ-ի կողմից ինչպես ԵՏՄ, այնպես էլ ենթատեքստում նաև ՀԱՊԿ գործընկերներին ուղղվելիք հարցադրումները՝ կապված սահմանային սրման պարագայում նրանց պահվածքի, որդեգրված պասիվ, անտարբեր, երբեմն էլ խտրական մոտեցումների վերաբերյալ:
Սակայն միայն արտաքին հարթակներին չեն, որ մենք պետք է ուղղենք մեր տարակուսական հարցադրումները: Լինելով գիտակից, պետք է հասկանալ, որ իհարկե մեր սահման պահող զինվորի ու սպայի հաշվին ունենալով ներկա հաջողությունները, առանց՝ երբեմն «ցավոտ փոփոխություններ»-ի, վաղը մենք կարող ենք և առավել մեծ կորուստներ ունենալ՝ ռիսկի տակ դնելով երկրի անվտանգության ապահովումն առհասարակ: Ուստի մենք/պետությունը ունենք մոտեցումների վերախմբագրման լրջագույն անհրաժեշտություն, որի արդյունքում բավարար կամքով ու խոհեմությամբ պետք է նաև կարողանանք իրականացնել երբեմն յուրային որոշ օղակների համար բավական ցավոտ ու հասցեական բարեփոխումներ:
Քառօրյա պատերազմը բավական բան է ջրի երես հանել. հակառակորդի հաջորդ նման փորձի պարագայում մենք կարող ենք ունենալ լրջագույն խնդիրներ, ուստի պետք է հատկապես ներսում լինել կամային ու առավել արդյունավետ:
Ալեն Ղևոնդյան