Եկել է լուրջ հետևություններ անելու ժամանակը... Երեկ Երևանում ականատես եղանք ռուս պետական գործիչների մտքի հերթական «փայլատակումներին»: Պարզվում է, որ Ադրբեջանին ռուսների կողմից աննախադեպ քանակի զենք մատակարարելու մի պատճառն էլ նա է, որ Ռուսաստանը փորձում է դրանով Հայաստանը «պաշտպանել»... ՆԱՏՈ-ից: Այո, մի զարմացեք, ահա թե ինչ է բառացիորեն ասում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը. «Եթե Ռուսաստանը հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառելուց, ապա անմիջապես այդ տեղը կզբաղեցնի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը, իսկ այդ զենքն ավելի մահաբեր ու սարսափելի կլինի»:

 


Չեկալինը նաև սպառնում է մեզ, ասելով հետևյալը. «Դուք (հայերդ) մոլորության մեջ եք, որ եթե լինի ոչ թե ռուսական, այլ եվրոպական զենք, այն չի կրակի»: Նույն այդ գործիչը «մեծահոգաբար» այս ծանր իրավիճակից դուրս գալու համար «դեղատոմսեր» է առաջարկում մեզ՝ գնալ ու համակերպվել ագրեսոր Ադրբեջանի պահանջների հետ: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ կրակում է ոչ թե զենքը, այլ մարդը: Դրա համար հարկավոր է աշխատել քաղաքական գործիչների հետ, հասարակությունների հետ, և այդ դեպքում ոչ ռուսական և ոչ էլ այլ երկրի զենքը չի կրակի»,- ասում է Չեկալինը:

 


Ահա այսպիսի նոր ուշագրավ բացահայտումներ մեր «ռազմավարական դաշնակցի» քարոզչական զինանոցից: Նրանք դեռ էլի կլինեն ու շատ սպասեցնել մեզ չեն տա, որպիսի վերջնականապես համոզվեք, թե որ կենտրոնից է «դաբրո» տրված եղել Ադրբեջանին՝ Արցախի դեմ ապրիլյան լայնածավալ հարձակումը սանձազերծելու համար:

 

 

Ռուբեն Շուխյան