Մտքով պատրաստ և արթո՛ւն եղեք՝ ձեր ամբողջ հույսը կապած փրկության պարգևին, որ տրվելու է ձեզ, երբ հայտնվի Հիսուս Քրիստոսը։ Աստծուն հնազանդ զավակնե՛ր եղեք և մի՛ առաջնորդվեք անցյալ ցանկություններով, որոնցով ապրում էիք, երբ դեռ չէիք ճանաչում Քրիստոսին. այլ ինչպես որ ձեզ կանչողը՝ Աստված, սուրբ է, դուք էլ սուրբ եղեք ձեր ամբողջ կյանքով, քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես»։
Եթե «Հայր» եք կոչում նրան, որ յուրաքանչյուրին անաչառ կերպով դատում է ըստ իր գործերի, ապա աստվածավախությա՛մբ ապրեցեք ձեր պանդխտության տարիները՝ իմանալով, որ կորստյան ենթակա արծաթով կամ ոսկով չէր, որ փրկվեցիք ձեր հայրերից ժառանգած ձեր ունայն կենցաղից, այլ անբիծ և անարատ Գառան՝ Քրիստոսի թանկագին արյամբ։ Նա ընտրված էր աշխարհի ստեղծումից իսկ առաջ, բայց վախճանին երևաց մեզ համար։ Նրանով է, որ հավատում եք Աստծուն, որը մեռելներից հարություն տվեց և փառավորեց նրան, որպեսզի ձեր հավատն ու հույսը կապեք Աստծո՛ւ հետ։ Արդ, դուք, որ հնազանդվելով ճշմարտությանը՝ սրբեցիք ձեր անձերը, որպեսզի ապրեք անկեղծ եղբայրասիրությամբ, սիրեցե՛ք միմյանց սրտանց, մաքուր սրտով. որովհետև Աստծու կենդանի և մշտնջենական խոսքով դուք վերստին ծնվեցիք, իբրև զավակները ոչ թե մահկանացու մի ծնողի, այլ անմահի։
Որովհետև
«Բոլոր մարդիկ նման են խոտի,
նրանց ամբողջ փառքն էլ նման է վայրի ծաղկի։
Խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում,
բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»։
Այդ խոսքը այն Ավետարանն է, որ քարոզվեց ձեզ։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 1:13-25)
Ռուբեն վարդապետ Զարգարյան